Ինչո՞ւ հետաձգվեց նիստը

Երևանի ավագանին արտահերթ նիստին քննարկելու է ավագանու հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Ըստ օրակարգի մասին հաղորդագրության՝ ավագանին պատրաստվում է մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։
Սկզբում նիստը նշանակվել էր փետրվարի 5-ին, հետո երկու օրով հետաձգվեց:
Դժվար չէ կռահել, թե որն է հետաձգման պատճառը:
Այս անգամ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր կողմնակիցներն այդ նիստին չեն մասնակցելու, հետևաբար քվորումը վտանգված է: Իշխանությանը երկու օր ժամանակ է պետք՝ «Հանրային ձայն» խմբակցությունից մեկ «դասալիք» պոկելու և իրենց բաղձալի նպատակին հասնելու համար:
Ի դեպ, սա Նիկոլ Փաշինյանի մակարդակով կայացված որոշում է, հիմնական թիրախն էլ Հայկ Մարությանն է:
Մյուս կողմից, Փաշինյանը ցանկանում է մինչև վերջ ճզմել Ավինյանի լեգիտիմությունը:
Իսկ Ավինյանի լեգիտիմությունը տուժելու է ցանկացած դեպքում: Եթե հակադեմոկրատական այս որոշումն ընդունվի, դա անշուշտ քննադատության է արժանանալու ընդդիմության և միջազգային կառույցների կողմից: Մյուս կողմից, քվորումի բացակայությունը խորացնելու է քաղաքային իշխանության ճգնաժամը՝ ճանապարհ հարթելով նոր ընտրությունների համար:
Վահրամ Բագրատյան