Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կմնա անազատության մեջ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կմնա անազատության մեջ

Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ մեր բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։

Մնացած մեկնաբանությունները՝ որոշմանը ծանոթանալուց հետո»,

Ավելի վաղ, ինչպես հայտնել էինք, մայիսի 17-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն պրոդյուսեր Արմեն Գրգորյանի ձերբակալության մասին. «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտի եւ Շիրակի մարզի գնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»: