Մարմնովս դող անցավ, չեմ պատկերացնում, որ Սուսում ադրբեջանցիներ ապրեն․ գյուղապետ

Մարմնովս դող անցավ, չեմ պատկերացնում, որ Սուսում ադրբեջանցիներ ապրեն․ գյուղապետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բերձոր քաղաքում կառուցվում է մոտ 500 տուն, սկսել են նաև Աղավնո (Զաբուխ) և Սուս գյուղերի ամբողջական վերակառուցման գործընթացը: Մասնավորապես, ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Աղավնո գյուղում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում։

MediaHub-ի հետ զրույցում Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը նշեց, որ ծանոթ չէր այս հայտարարությանը, սակայն լսելն արդեն անտանելի է։

«Ասացիք ու մարմնովս դող անցավ, չեմ պատկերացնում, թե ինչպես է լինելու։ Բայց չեմ կարծում, որ այս պահին բնակչություն կգնա, կապրի  այնտեղ։ Ցավն այն է, որ ոչինչ անել չենք կարող, ոչինչ փոխել չենք կարող, համացանցի դար է, մի որոշ ժամանակ անց կտեսնենք, թե մեր տները, փողոցներն ինչպես են ձևափոխել։ Ալիևը հիմա ամեն ինչ ճոխացված է ներկայացնում։ Ուղղակի հիմա այնպիսի իրավիճակ է, որ մենք նույնիսկ մեր ունեցածը չենք կարողանում պահել, ուր մնաց ելք գտնենք Ադրբեջանի ծրագրերը չեղարկելու։ Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, հերթով տվեցինք, տվեցինք»,-ասաց նա։

Ներսիսյանը մանրամասնեց, որ Սուսի բնակչությունը 51 ընտանիք էր, մոտ 200 բնակիչ։ Նրա կարծիքով՝ երբ Ալիևը խոսում է 300 մարդ Սուսում տեղավորելու մասին, հավանաբար, նկատի ունի հարակից գյուղերի հետ միասին։ 

«Մեր գյուղի բնակիչները հիմա Հայաստանի տարբեր մարզերում են, բոլորն իրեց գյուղից հեռու»,-շեշտեց Ներսիսյանը։

Լիաննա Թորոսյան