Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից․ Արարատ Միրզոյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Ստեփանյանը հետաքրքրվեց, թե մարտի 7-9 Եգիպտոս կատարած այցն ինչպե՞ս է նախարարն ամփոփում և ինչպե՞ս է վերջինս տեսնում Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։
«Վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձում են հավելյալ կրոնական երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում։ Այս այցի ընթացքում մենք կարողացանք հանգամանորեն բացատրել մեր գործընկերներին և կարող եմ վստահեցնել, որ առնվազն իմ տպավորությամբ՝ արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը, որ այս հակամարտությունը, որն ունենք Լեռնային Ղարաբաղի, նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ, որևէ կրոնական երանգ չունի»,-ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով էսկալացիայի վտանգին, վերջինս նշեց․
«Անկախ բանակցություններից և ՀՀ-ի կառուցողական դրսևորումներից, այո, ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ ՀՀ-ի դեմ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։