Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա, ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը ինքն իրեն պաշտոնական այցով «գործուղել է» Լյուքսեմբուրգ, ապա 6-8-ը՝ Բրյուսել։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար եւ խորհրդական՝ արդուկի գծով՝ Աշխեն Հայրապետյանը։
Թվարկվածներից միայն 5 հոգու ծախս է իր վրա վերցրել Լյուքսեմբուրգը, 6 հոգու գործուղման ծախսերը վճարվել է հերոս հարկատուների միջոցներով։ Իսկ Բրյուսելի եռօրյա այցի համար ֆինանսավորումը ամբողջությամբ ապահովվել է հարկատուների հաշվին, պատվիրակությանն էլ միացել է եւս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Սարգիս Խանդանյանը, ով մեկ օր շուտ է հասնելու Բրյուսել։ 12 անձի գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի եւ գիշերավարձի (3 գիշերվա՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի) վճարումը կատարվել (ու) է ՀՀ պետբյուջեի հաշվին։
Ինչ պետք է անեն 12 հոգով Լյուքսեմբուրգում ու Բրյուսելում, ինչ օգուտ կտա նրանց այցը՝ կպարզենք ավարտից հետո: Հիմա միայն արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ն դարձրել է իր անձնական քմահաճույքների ու ճաշակի հիմնարկ, եւ ԱԺ նախագահի՝ «12 հոգանոց պատվիրակություն» ձեւակերպման մեջ միայն 2-3 ՔՊ պատգամավորներ են, որոնք պետք է ներկայանան ՀՀ ողջ խորհրդարանի անունից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին: Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու:
Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում: Նրա հետ միայն մի քանի սորոսական կանայք էին շփվում: Այդ վերաբերմունքը, իհարկե, նաեւ քովիդի գործով էր պայմանավորված։
Հիմա, փաստորեն, Փաշինյանը ներել է Թորոսյանին: Եթե որոշ ՔՊ-ականներ դա բացատրում են նրանով, որ Թորոսյանն անմնացորդ ծառայում է Փաշինյանին ու հանձն է առել անգամ ամենասկանդալային հայտարարություններն ու քայլերն արդարացնելու անշնորհակալ գործը, ապա մյուսներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես կարելի էր կրոնական հավաքին տանել իր թիմի աթեիստին, որը չի թաքցնում հավատի հանդեպ իր վերաբերմունքը։
Հիշեցնենք․ Վաշինգտոն Փաշինյանի այցի առիթը կրոնական ազատության միջազգային 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաեւ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելն է։ Նշենք նաեւ, որ Save Armenia ընկերության կազմակերպած ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ պատվիրակությունը, մասնակցել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, որի հետ ողջագուրված լուսանկարը տեղադրված է պաշտոնական կայքում։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական էլիտան պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավելին, ըստ ՔՊ լավատեղյակ աղբյուրների, այդ մասին մի քանի նվիրյալների ասել է անձամբ Փաշինյանը ոչ, իհարկե, ուղիղ տեքստով։
Վերջինս հասկացրել է, որ ամեն պահի պատրաստ լինեն ֆորսմաժորային տարբերակներով իշխանությունն իրենց ձեռքում պահելուն։ Անգամ ակնարկել է, որ վատագույն դեպքում՝ ինքն անձամբ չի գլխավորի ցուցակը, մենակ թե «սվոյ» մարդ լինի։
ՔՊ-ականներին այս լուրը ցնցել է, պատերի տակ սկսել են իրենց վախերը արտահայտել, թե ով իմանա, ում կարող է «ժերտվա» տալ իրենց ղեկավարը»: