Ալավերդու նորընտիր քաղաքապետի «բեսպրեդելը», Ֆուտբոլի ֆեդերացիան մնաց մենակ․ Մամուլը՝ սուրճով

Ալավերդու նորընտիր քաղաքապետի «բեսպրեդելը», Ֆուտբոլի ֆեդերացիան մնաց մենակ․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է Ալավերդին բռնի ուժով զավթելուց հետո ՔՊ-ականները կադրային «բեսպրեդել» են իրականացնում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անձնական հովանավորչությունը վայելող նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանը, որ Ալավերդու ղեկավար է կարգվել օրեր առաջ, թուրն աջուձախ բանեցնում է: Նա փորձում է հակաիրավական որոշումներով Ալավերդին ՔՊ-ականացնել։

Դեկտեմբերի 5-ին ոստիկանական մեծաթիվ զորքի աջակցությամբ, ինչպես հայտնի է, Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն հայտնեց նախկին համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով ընտրված Արկադի Թամազյանին, փոխարենը համայնքապետ նշանակելով ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ 

Դեկտեմբերի 18-ին էլ արտահերթ նիստ են անցկացրել՝ 29 օրակարգային հարցով։ «Ապրելու երկիրը» եւ ՀԱԿ փոխքաղաքապետը բոյկոտել են նիստը։ Ներկա են գտնվել ՔՊ-ական «զավթիչները» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ու այս դավադրությանը նպաստած Սիմոն Զախարովը, ում, ըստ լուրերի, առաջիկայում պաշտոն են տալու` նշանակելու են Ալավերդու թոշակավորման հանձնաժողովի նախագահ․ սա այն հանձնաժողովն է, որը որոշում է կայացնում՝ ում ինչ բժշկական կարգ տալ։

Ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ավագանին հաստատել է Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։

Համայնքի ղեկավարի տեղակալներ Արտյուշ Աբելյանին եւ Սասուն Վարդանյանին ազատել են օրենքի խախտմամբ՝ առանց օրենքի պահանջին համապատասխան փոստային ծանուցմամբ իրազեկելու, ընդ որում՝ նրանցից մեկն ամուսնության կապակցությամբ արձակուրդում է գտնվում, եւ թվում է՝ օրենքով  ապահովագրված էր այս ընթացքում ազատվելուց, բացի այդ՝ ո՛չ ազատված տեղակալներին եւ ո՛չ էլ համայնքի ղեկավարին աշխատավարձի վերջնահաշվարկ չեն վճարել։

Մենք նախապես գրել էինք, որ օրակարգում համայնքի ղեկավարի երեք տեղակալների նշանակման հարց կա՝ թերեւս մեր այդ հրապարակումով կանխել ենք երրորդ տեղակալի նշանակումը, որն ավագանիներից չէ եւ Ալավերդիում կիսագողական շրջանակներին է հարում՝ հայտնի «Սանահինցի Արմենչո» անվամբ։ Սակայն ավագանու մեր աղբյուրներն ասում են, որ երրորդ տեղակալի հարցն օրակարգից դուրս չի եկել, պարզապես աղմուկից խուսափելու համար այն անորոշ ժամանակով հետաձգել են։ Ընդ որում՝ հաստատման է դրվել համայնքապետի երեք տեղակալի հաստիքի հարց, բայց առայժմ երկուսն են նշանակվել, եւ սա՝ այն պարագայում, երբ մեկ տարուց ավելի ՔՊ-ականներն ավագանու նիստերին նախկին համայնքապետին քննադատել են երեք տեղակալ ունենալու համար, ասելով, թե երկուսն էլ բավարար է։

Նշենք, որ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է նաեւ Արկադի Թամազյանի հարազատ գյուղի՝  Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Թամազյանը, ինչպես նաեւ Շնող համայնքի ղեկավար Գարիկ Հոբոսյանը: Անտեսել են նրանց հետ կնքված վարչական պայմանագրերը, սակայն ազատումների շղթան շարունակվելու է, Ղումաշյանը մտադիր է ազատվել վարչական բոլոր ղեկավարներից, որոնց նշանակել էր Թամազյանը։

Աշխատակազմի ղեկավարին ազատել են աշխատանքից՝ առանց ՏԿԵ նախարարության կադրերի ռեզերվ հարցում անելու, եւ իրենց թեկնածուին են նշանակել, մինչդեռ օրենքը սահմանում է, որ պետք է հարցում անել պատկան գերատեսչությանը, քանի որ հնարավոր է կադրերի ռեզերվում այդ պաշտոնի համար «սպասող» մարդ լինի: Նոր ղեկավարը Ղումաշյանի հարազատ Շնող համայնքի քարտուղարն է, որին փոխանցել է նաեւ համայնքի նախկին ղեկավարին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, քանի որ Ղումաշյանի սիրտը նոր ավտոմեքենա է ուզել: Գրություն է գրել «Թեղուտ» ՓԲԸ-ին եւ մեքենա վարձակալել՝ համայնքի բյուջեից ամսական 500 հազար դրամ վճարելով։

Ղումաշյանի «բեսպրեդելն» այսքանով չի սահմանափակվում։ Մեր աղբյուրներն ասում են, որ այս պահին մոտ 2 հարյուր նոր աշխատակից են ընդունել համայնքապետարանում, որոնք դեռ հրամանագրված չեն։ Իսկ նախկին ղեկավար Թամազյանը եւ թիմակիցներն այլեւս չեն գնում համայնքապետարան, տեղակալի միջոցով Ղումաշյանին են փոխանցել կնիքը, աշխատասենյակի բանալիները: Հիշեցնենք․ Թամազյանը դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն անվստահություն հայտնելու գործընթացի օրինականությունը, Վարչական դատարանը հայցը հետ է ուղարկել՝ առաջարկելով որոշակի շտկումներ անել։

Վաղը կփորձենք Ալավերդիում ստեղծված այս իրավիճակի հետ կապված գործող անձանցից մեկնաբանություններ ստանալ:

«Հրապարակ» թերթը գրում է.  Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։ Թովմասյանը պատասխանել է, թե գիտությամբ է որոշել զբաղվել, ինքը 1992 թվականին է Արցախ տեղափոխվել, մինչ այդ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում, հիմա էլ է ուզում զբաղվել․

«Գիտությամբ պետք է զբաղվեմ»: Իսկ այս պահի՞ն։ «Այո, այդ աշխատանքներով եմ»,- ասել է Թովմասյանը` ավելին չմանրամասնելով։ Նա ցանկություն է հայտնել` օգտվելով հարմար առիթից, շնորհակալություն հայտնել արցախցիներին ցուցաբերված սոցիալական աջակցության համար․ «Ցավոք, մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այս խնդրով լքում են Հայաստանը։ ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն Արցախի ներուժը եւ մարդկանց հնարավորություն տան աշխատանքի։ Լավ է ուռկանը տան, քան՝ ձուկը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» եւ «Շիրակ»): Ազգային հավաքականի ֆան ակումբներից ամենամեծը (FAF) երեկ, ըստ էութան, քննադատեց Մելիքբեկյանին ու հայտարարեց, որ չի սատարում նրան:

«Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբները միասին պահում են ամենամեծ երկու ակադեմիաները եւ ֆուտբոլի հիմնական դարբնոցն են. այս ակումբների սեփականատերերն ամեն ամիս իրենց գրպաններից ծախսում են հարյուր հազարավոր դոլարներ, ու եթե հեռանան, ապա շուրջ 3000 երեխա կզրկվի մարզվելու հնարավորությունից, այդ թվում՝ մարզադաշտերից: ՀՖՖ ներկա ղեկավարին չի սատարում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողների մեծագույն մասը, իսկ ով էլ չեզոք է, ըստ հիմնավոր տեղեկությունների, որոշակի հետաքրքրություն ունի այս ֆեդերացիայից: Արմեն Մելիքբեկյանին շաբաթ օրը կընտրեն ՀՖՖ անդամ այն ՀԿ-ները, որոնց ֆեդերացիա են բերել հենց իրենք, ու որոնք ֆինանսապես կախված են իրենցից: Նման ՀԿ-ներն ունեն հավասար մեկ ձայն, ինչպես ոլորտում իրոք եղանակ ստեղծող խոշոր ակումբները, ինչն անտրամաբանական է:

Ավելին՝ Մելիքբեկյանին սատարում են այնպիսի ֆուտբոլային ակումբներ, որոնք կա՛մ ակտիվ գործունեություն չեն ծավալում, կա՛մ մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար: Մեր տեղեկություններով՝ Մելիքբեկյանի ընտրվելու դեպքում Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ պատրաստվում են դուրս գալ առաջնությունից, իսկ ֆանատական շարժումներն ու ակադեմիաներում մարզվող ծնողներն արդեն խմբեր են ձեւավորել ու պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության դիմաց, քանզի վստահ են, որ Արմեն Մելիքբեկյանի ամենաթողությունը գալիս է հենց վարչապետից: Ոլորտի մասնագետները պնդում են, որ նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանին լեգիտիմ նախագահ անվանել չի կարելի, ու որ այս ամենը ծաղր է հայկական ֆուտբոլի ապագայի նկատմամբ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը լուռ է:

Հ.Գ. Երեկ Ստեփանակերտի մարզադաշտում Իլհամ Ալիեւն առաջին հարվածը կատարեց գնդակին, ու բռնազավթված Արցախում կայացավ այդ երկրի ֆուտբոլային հանդիպումը: Նման իրավիճակում Հայաստանում գոնե պետք է փրկել ֆուտբոլն ու նրան վերադարձնել նախկին փառքը»:

«Հրապարակ» թերթը գրում է. Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում:

Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ է ոստիկանությունը զլանում բացահայտել այդ հանցագործությունները: Արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները, քանի որ հանցագործները հաճախ փչացնում են սարքերը, եւ մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել` վճարում անելու համար, որովհետեւ իրենց բնակավայրի միակ տերմինալը չի աշխատում: