Ձեր հաջողությունները տարիների քրտնաջան աշխատանք է․ գյումրեցի մարզիկները պարգևատրվել են

2023 թվականի Եվրոպայի առաջնությունից վերադարձած գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչներն այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրու համայնքապետարանում էին: Նրանց ընդունել, ողջույնի և շնորհակալության իրենց խոսքն են հղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը:
«Ձեր հաջողությունները տարիների քրտնաջան աշխատանք է, հատկապես, մեր ունեցած սուղ պայմաններում: Ձեզ քաջառողջություն, ձեր ծնողներին շնորհակալություն, որ նման մարդիկ են մեծացրել, ձեր մարզիչներին շնորհակալություն, որ ձեզ նման մարզիկներ ունենք: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ, կարողանանք եռապատկել ու քառապատկել մեր մեդալները, մենք էլ մեր հնարավորությունների շրջանակներում կարողանանք լինել ձեր կողքին: Տան պես, հարազատի պես եկեք խոսենք, քննարկենք, ինչ-որ կարողանանք՝ իրականացնենք: Բազմաթիվ ծրագրեր ունենք, որ մտածել ենք կյանքի կոչել. ուզում ենք հրապարակի էկրանը դնենք, ձեր ելույթները նայենք, երկրպագենք: Սպորտի թանգարանի մասով էլ, կարծես թե, դրական ազդակներ ունենք: Հպարտ ենք ձեզանով, ուրախանում ենք ձեր հաջողություններով»,-ընդգծել է Վ.Սամսոնյանը:
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես են եկել նաև մարզիչները, խոսել մարզադպրոցների պայմանների, դրանց բարելավման համար անհրաժեշտ աշխատանքների մասին, ապա կարևորել համայնքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրությունը և՛ մարզադպրոցներին, և՛ մարզիկներին ու մարզիչներին, պահպանելով ձևավորված ավանդույթը՝ մրցաշարերից վերադառնալուց հետո նրանց ընդունելու, վաստակը գնահատելու ու արժևորելու:
2023.թ-ի Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվել են համայնքի ղեկավարի պատվոգրերով և անվանական ժամացույցներով: