Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի. Աբրահամյան
Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը։ Այս մասին ԱԺ հայտարարությոնների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի հավակնությունները դրսևորվում են մի քանի մակարդակներում։ Առաջին. Ադրբեջանի առաջնային պահանջը հայտնի 8 գյուղերի հանձնումն է, որն իր խոսույթի առանցքային մասն է դարձել։ Հայաստանի իշխանությունների այդ գյուղերի հանձման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը փորձում է ոչ թե քննարկել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի շրջանակներում, այլ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում։
Երկրորդ. Հայաստանի գլխին իջեցված օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանել ճշգրտման թեման՝ դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ և այլն։ Ավելին՝ Ադրբեջանը չտեսնելու և չլսելու է տալիս ՀՀ այն տարածքների հարցը, որը նրա վերահսկողության տակ է անցել առաջին պատերազմի ժամանակ։
Երրորդ. բացի այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի հստակեցնում իր պաշտոնական դիրքորոշումը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում եղած սկզբունքների վերաբերյալ, անորոշ նշում է, որ դրանք պետք է լինեն տարբեր քարտեզների ու պատմական արդարության հիման վրա։ Հասկանալի է, որ այս անվան տակ Ադրբեջանը փորձելու է իրացնել իր մյուս տարածքային հավակնությունները։
Կարճ ասած՝ այն, ինչ ՀՀ իշխանությունն անվանում է «Խաղաղության պայմանագիր» իրականում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի դիմաց դրվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է։ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել և հանգեցրել է նրան, որ դեռևս 2019թ-ին հռչակած նոր «Նոր պատերազն, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ, նոր կորուստներ» կարգախոսով։ Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը մարդկային և տարածքային կորուստներ արձանագրում։ Սա ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը։
Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի, որովհետև այդ մոտեցումը միջազգային դերակատարների անարգանքին ու լռությանն են բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին գործելու լայն դաշտ բացում»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում