Այս իշխանությունների հոգեբանական բարդույթները բավարար են, որ չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել. Արշակ սրբազան

Այս իշխանությունների հոգեբանական բարդույթները բավարար են, որ չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել. Արշակ սրբազան

Ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև, երբ մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ։ Չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է։ Այս մասին Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Չեմ ուզում բնորոշումներ տալ՝ դավաճանական, ապիկար և այլն, բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, և միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել»,- ասել է նա։

Նրա խոսքով դրա համար իրենք բազմիցս ասել են՝ «հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով»։ 

«Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Խոսքը պատերազմից հետո նրա հրաժարականի պահանջի մասին Կաթողիկոսի խոսքին է վերաբերում։ Հիմա ասում է՝ բա ո՞վ… Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ոչ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Վերջիվերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո»,- շեշտել է Արշակ սրբազանը:

Անդրադառնալով Վեհափառի ամանորյա ուղերձին, որը Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց, Արշակ սրբազանը նշել է, թե դժվարանում է ասել՝ Վեհափառի ուղերձին ծանոթանալուց հետո՞ են կայացրել այն իր ժամին չհեռարձակելու որոշումը, թե՞ պահի պոռթկման արդյունք է։ 

«Ուղերձի հրապարակումից հրաժարվելը տեղի է ունեցել վերջին պահին, Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հետո Հանրայինը պարզաբանում տարածեց, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան դրանք կային՝ հղում տալով օրենսդրական կարգավորմանը։ Դա նույնն էր, որ ասենք՝ հայրենասիրության մասին չխոսենք, այն գոյություն չունի, որովհետև օրենսդրական կարգավորում չկա։ Սա շատ ծիծաղելի էր։ Բարեբախտաբար, չստացվեց այն, ինչ մտածել էին, որովհետև այս տարվա Կաթողիկոսի ուղերձն ամենաշատ դիտվածն էր»,- հավելել է սրբազանը։