Փաշինյանի «գինը» 

Փաշինյանի «գինը» 

Թեև ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից առաջ մերձիշխանական պսևդոարևմտամետները հայտարարում էին, թե Բրյուսելում շրջադարձ է լինելու, Հայաստանի հետ անվտանգության ոլորտում պակտ է ստորագրվելու, կամ բանակցություններ են սկսվելու ԵՄ անդամակցության շուրջ, այս թեմաներին հրապարակային հայտարարություններում որևէ անդրադարձ չեղավ։ Վիզաների ազատականացման ուղղությամբ կամ Եվրոպական խաղաղության նախաձեռնությունից Հայաստանին ոչ մահաբեր զինատեսակներ հատկացնելու շուրջ դարձյալ որևէ զրույց չի ծավալվել:

270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարում: Սա է Հայաստանի վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման միակ շոշափելի արդյունքը:

Եթե եռակողմ այս հանդիպումը՝ նման արդյունքով, տեղի ունենար աշխարհաքաղաքական այլ իրավիճակում, երբ գոյություն չուներ Արևմուտք-Ռուսաստան սուր հակադրություն, տեղի ունեցածը միանգամայն ողջունելի կլիներ:

Թերևս, դրական շեշտադրումներով Հայաստան-ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովը կողջունեինք նաև այն դեպքում, եթե դա տեղի չունենար հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Ցավոք, Հայաստանի իշխանության արևմտյան օրակարգի միակ հարցը հակառուսականությունն է, որը Բրյուսելում գնահատվեց ընդամենը 350 միլիոն դոլար:

Ոչ մի անվտանգային երաշխիք, ու պատահական չէ, որ Բաքուն կրակում է, Մոսկվան և Անկարան սպառնում են, իսկ Թեհրանը դժգոհ է:

Հայաստանյան «հույսի վաճառականներն» աղմկում են, իսկ հասարակությունը տագնապով սպասում է, թե ինչ գին է վճարելու իշխանության հերթական արկածախնդրության համար:

Վահրամ Բագրատյան