Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում, Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Բագրատ սրբազանը, որն այս օրերին ակտիվ շփումների մեջ է քաղաքական-հասարակական տարբեր խմբերի հետ եւ նախապատրաստվում է սեպտեմբերի 22-ի հավաքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անգամ նեղ շրջապատում՝ Սրբազան շարժման համակարգող խորհրդում, չի բացում փակագծերը իր առաջիկա անելիքների մասով։
Կարեն Բեքարյանի ղեկավարած խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդարանական երկու ուժերից եւ մի քանի արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Արցախի քաղաքական դաշտից երկու ներկայացուցիչ: Խորհուրդը պարբերաբար հավաքներ է կազմակերպում, սակայն սրբազանը հիմնականում լսողի դերում է:
Նա չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը՝ շարժման մարտավարության եւ անելիքների մասին։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Համալիրում մոտ տասը հազարանոց մեծ դահլիճը մեկ օրով վարձակալելու համար 10 մլն դրամ են վճարել։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու, հարյուր հազարից ավելի արցախցիներին տնազուրկ դարձնելու փաստն ինքնին մեծագույն կորուստ է, որ չի կարող չափվել որևէ նյութական կամ գումարային հաշվարկով: Այնուամենայնիվ, այն, ինչ երեկ հրապարակվեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի կողմից, առավել ամբողջական պատկերացում է տալիս, թե Հայրենիքի մի հատվածի կորստից, ամբողջական հայաթափումից զատ, ինչ ենք կորցրել նաև նյութական առումով:
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել 12 քաղաք, 241 գյուղ, 13550 տուն (որոնց 30 տոկոսը՝ ավելի քան 100-ամյա հնության), 11450 բնակարան, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակույթի կենտրոն, 25 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ...
Ըստ կենտրոնի տվյալների, Արցախում մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ և ավելի քան 35 հազար փոխադրամիջոց:
Ինչ խոսք, սարսափելի թվեր են: Սակայն, մյուս կողմից, այս թվերը շատ խոսուն են այն տեսակետից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները պարբերաբար փորձում են հանրությանը համոզել, թե տարիներ շարունակ Արցախում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական հալածանքների են ենթարկվում ոչ միայն «չհնազանդվողները» կամ ՔՊ կարծիքը չկիսողները, այլեւ նրանց ազգականները:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գործընթացի մի ժամանակագրություն, որի հետեւությունները զուգադիպություն դժվար է համարել:
Փաստորեն, բացի «Սերժ Սարգսյանի եւ այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաեւ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը` 2024 թվականի մայիսի 31-ին, պաշտոնից ազատվել է նրա հարկային տեսչության պետ հայրը` Աղվան Ենոքյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս երկար տարիներ է թոշակառու էր եւ զբաղեցնում էր Արագածոտնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ նրա տարիքը ոչ ոքի չէր անհանգստացնում։ Այժմ Աղվան Ենոքյանը իջեցվել է բաժնի պետի տեղակալի հաստիքի։
Ինչպես տեսնում եք՝ Ստալինը թեեւ մահացած է, բայց ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում»: