«30 տարվա մեր աշխատանքից ոչինչ չի մնացել․ ասես, այդտեղ տուն էլ չի եղել». Լոռին՝ աղետի գոտի

«Մայիսի 26-ին մի կերպ լուսացնելուց հետո, առավոտյան հասկացել ենք, որ ոչինչ չունենք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Ալավերդի քաղաքի բնակչուհի Հասմիկ Խառատյանը։
Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով առաջացած հեղեղումներից միայն օրեր հետո, երբ ջրի մակարդակը կամաց-կամաց սկսել է իջնել, պարզ է դարձել վնասների չափը։
Շուրջ 40 բնակավայրում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։
«Տնից 2 օր դուրս չենք եկել։ Ո՞նց դուրս գայինք, տան դեմը լիճ էր։ Առաջին հարկը մինչև հիմա ցեխաջրի մեջ է։ Էս պահին ես էրեխեքի հետ Ստեփանավանում եմ։ Բախտներս բերել է, որ մեզ բան չի եղել, բայց անասուններին, թռչուններին կատաղած գետը քշել է, տարել»,- ասում է նա։
Հաղարծինցի Մանուչարյանների ընտանիքում տխուր պատկեր է։ Տարերային աղետից նրանք ամենաշատ վնասներն են կրել։ Նինան պատմում է, որ գիշերը նկատել է, թե ինչպես է ջրի մակարդակն առաջին հարկում աստիճանաբար բարձրանում և փրկվելու համար տնից ձեռնունայն է դուրս եկել, որից հետո գետաբերանում գտնվող տունը հիմքից քանդվել ու ջրհեղեղի բաժին է դարձել։
«30 տարվա մեր աշխատանքից ոչինչ չի մնացել. ասես, այդտեղ տուն էլ չի եղել, հետքն էլ չկա»,- արտասվում է կինը։
«Ալավերդիում կամավորների կարիք կա»,- MediaHub-ի հետ զրույցում ահազանգում է կամավորական Նոնա Խաչատրյանը։ Նա իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդների, և քաղաքում մաքրման ու սոցիալական այլ աշխատանքներ են իրականացնում։
«Սանահին կայարան-թաղամասը բաժանվել է 2 մասի։ Գետի մյուս կողմում 150-ից ավելի բնակիչ կա, այդ թվում՝ երեխաներ։ Քանի որ կամուրջները քանդվել են, այնտեղ անհրաժեշտ սնունդ կամ դեղորայք հասցնում ենք փրկարարական ճոպանով»,- ասում է մեր զրուցակիցը։
Աղետի գոտում հայտնված բնակիչներին այսօր օգնության են հասել Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի երիտասարդ կամավորները։ Նոնայի խոսքով, սակայն, քաղաքում անելիքները շատ են, ուստի կամավորների կարիք կա։
«Հիմնական աշխատանքները կենտրոնացվել են բնակելի տների առաջին հարկերում, խանութներում, փողոցներում։ Ամենուր ցեխաջուր ու ցեխակույտեր են։ Նաև երկարաճիտ ռեզինե կոշիկների կարիք ունենք»,- հավելեց նա։
Նշենք, որ իրավիճակը Հայաստանի հյուսիային շրջաններում շարունակում է մնալ արտակարգ։
Լոռու և Տավուշի հեղեղված գյուղերի, քաղաքների բնակիչներն ահազանգում են, որ խանութներում ու դեղատներում սպառվում են սնունդն ու դեղորայքը։ Բնակավայրերի մեծ մասը դեռ հոսանքազրկված է, խմելու ջրի, ժամանակ առ ժամանակ նաև կապի խնդիր է լինում։ Իսկ ահա Այրում քաղաքը, արդեն 3 օր է, բլոկադայի մեջ է։
Հունան Թադևոսյան