Իսպանիայում առգրավվել են 60 մլն եվրո արժողությամբ ոսկյա իրեր, որոնք ապօրինի դուրս էին բերվել Ուկրաինայից

Իսպանիայի իրավապահ մարմինները Մադրիդում առգրավել են 60 միլիոն եվրո արժողությամբ 11 ոսկյա իրեր, որոնք պատկանում են Ուկրաինայի պատմական ժառանգությանը։ Դրանք ապօրինի դուրս են բերվել երկրից։ Այս մասին հաղորդվում է իսպանական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, որին մեջբերել է Reuters-ը։
«Ազգային ոստիկանության գործակալներն Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետ համատեղ գործողության ընթացքում Մադրիդում առգրավել են ավելի քան 60 միլիոն եվրո արժողությամբ 11 ոսկյա իրեր՝ կապված Ուկրաինայի պատմական ժառանգության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործով ձերբակալվել է հինգ մարդ՝ երեք իսպանացի և երկու ուկրաինացի։ Նրանք զբաղվում էին Ուկրաինայից մշակութային արժեքների անօրինական արտահանմամբ։
Առաջին արտադրանքը՝ խոյերի գլուխներով ոսկե գոտի, առգրավվել է դեռ 2021 թվականին։ Քահանան այն վաճառել է մադրիդյան մի գործարարի։
Ոսկյա իրերը տնօրինելու սեփականությունն ու իրավունքը փոխանցվել էր գլխավոր ամբաստանյալին՝ ուղղափառ քահանային, որն ապրում է Մադրիդում։ Ապրանքներին կից փաստաթղթերում նշվում էր, որ դրանք պատկանում են ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։
Հետաքննությունն իրականացվել է Բուլղարիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կիպրոսի ներքին գործերի կցորդի և Միջազգային համագործակցության վարչության հետ համատեղ։