Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը շեշտադրել է հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը շեշտադրել է հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Մարտի 11-ին, Փարիզի Hôtel du Collectionneur-ի սրահներում տեղի է ունեցել Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքը, որին ներկա էին Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կւոսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ: 

Ֆրանսիայի ՆԳ Նախարար Բրունո Ռըտայոն ելույթ է ունեցել կառավարության անունից։
Հիշեցնելով, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցություններից, նախարարը նշեց, որ այս ընթրիքը «բարեկամության և հավատարմության հանդիպում» է։

Նրա հավատարմությունը հայկական հարցին նախ և առաջ «մարմնավոր» է, քանի որ, ըստ նրա, Հայաստանը մեր քույրն է, ինչպես ասել է Անատոլ Ֆրանսը։ Հայաստանին պաշտպանելու հարցում «միջազգային հանրությունը հաճախ չի դրսևորել բավականաչափ խիզախություն։ Ամեն դեպքում, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, յուրովի»։

Այնուհետև նա թվարկել է երկու երկրների միջև գոյություն ունեցող տարբեր համագործակցություններ։ 

Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված անձանց ազատ արձակման հարցին՝ Ռըտայոն ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։