«Ողնաշարիս երկու ողերն են ջարդված, հիմա նորմալ եմ»․ ծեծի ենթարկված զինվորականը պալատ է տեղափոխվել

Կես ժամ առաջ են վիրահատարանից ինձ իջացրել ներքև, նոր եմ դուրս եկել նարկոզից։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, ծեծի ենթարկված փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը։
«Ողնաշարիս երկու ողերն են ջարդված, վիրահատվել եմ։ Չգիտեմ, թե ինչքան պառկած կմնամ, բայց հիմա նորմալ եմ։ Ինձ ծեծի ենթարկածները, իմ տեղեկություններով, ձերբակալվել են, հիմա չգիտեմ, թե ինչ իրավիճակ է»,-ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք Օհանյանն իրեն ծեծի ենթարկածներից նախկինում ճանաչել է, վերջինս պատասխանեց՝ ոչ։ Իսկ թե ինչից է վեճը սկսվել, փոխգնդապետը չպատասխանեց։
«Նոր եմ նարկոզից դուրս եկել, հիմա ոչինչ ասել չեմ կարող»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։
Լիաննա Թորոսյան