Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30–ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ արձակվեց, սակայն միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի ուշ Արզումանյանը կալանավորվել էր։

Արցախի խորհրդարանի 24 պատգամավորներ, այդ թվում և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դիմել էին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ և անձնական երաշխավորություն էին հայտնել։

Սակայն Արզումանյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

 

Լիաննա Թորոսյան