Կարևոր, բայց ուշացած նախաձեռնություն

Կարևոր, բայց ուշացած նախաձեռնություն

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Խմբակցությունն առաջարկում է ստեղծել Սահմանադրությանը համապատասխանող, բավարար լիազորություններով օժտված և հանրային լայն ու հավասարակշիռ մասնակցություն ունեցող պետական առանձին մարմին, որը կզբաղվի  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելով:

Առաջարկվում է, որպեսզի Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանձնաժողովի 9 անդամներից 8-ին առաջադրեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները՝ հավասարաչափ՝ թվով 4-ական թեկնածուների առաջադրման միջոցով եւ մեկ թեկնածու՝ մարդու իրավունքների պաշտպանը: 

Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը ծնվել է այն պատճառով, որ համընդհանուր կարծիքի համաձայն՝ ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Աշխարհում չկա որևէ իշխանություն, որն օբյեկտիվ կքննի իր գործունեությունը, հատկապես, որ դա պատճառ է դարձել նվաստացուցիչ պարտության։

Մյուս կողմից, կա պատմության նախադեպ, որը ուժեղացնում է «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը։
Մարտի 1-ի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ժամանակին որևէ արդյունավետությամբ աչքի չընկավ ու կոչված էր պաշտպանելու այդ օրերի իշխանության թեզերը։ Դրան հակառակ՝ պարիտետային Փաստահավաք խումբը կարևոր բացահայտումներ արեց՝ անկախ այն հանգամանքից, որ գործունեության ինչ-որ փուլում դրա գործունեությունը կասեցվեց։

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը կարևոր է, սակայն ուշացած է՝ առնվազն այն պատճառով, որ արդեն ստեղծվել է Քննիչ հանձնաժողով ու իշխանությունը, բնականաբար, ԱԺ-ում կմերժի ընդդիմության առաջարկությունը հենց դրա գոյության փաստարկմամբ։
Բայց ճիշտ կլիներ, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը ավելի գլոբալ, ինստիտուցիոնալ բնույթ ունենար ու վերաբեր առանցքային բոլոր հարցերին՝ չսահմանափակվելով միայն պատերազմի դրվագով։

Վահրամ Բագրատյան