Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Կառավարության գլխի անունից դատապարտել է երեկ ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշն այրելը։
Նա մասնավորապես ասել է, որ վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը` այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսանքով է մոտենում Բաղդասարյանի այս հայտարարությանը։
«Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածության մեջ է․ ինքը տարիներ շարունակ Գյումրիում ներկա է եղել ջահերով երթին, դրոշի այրման գործընթացին։ Այդ ժամանակ դա արվում էր նրա ներկայությամբ, ու ինքը որևէ կերպ վատ չէր արձագանքում։ Էս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ջահերով երթը կարող է համարել Ջերմուկի օկուպացիայի պատճառ»,- MediaHub-ի հետ զրույցում նկատեց Մանուկյանը։
Դիտարկմանը, որ երեկ իշխանական ԶԼՄ-ներն էլ գրում էին, թե դրոշի այրման ժամանակ ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ, Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը Haqqin.az-ի դիրքերից է հանդես գալիս, այլ բան սպասել պետք չէ։
Նկատենք, որ մեկ ամսից ավելի է՝ MediaHub-ն ամեն օր գրում է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ թշնամին ամբողջ գիշեր կրակ է բաց թողնում, ուստի իշխանական քարոզչամեքենայի բերած թեզերն ուղղակիորեն սին են։
Նարե Գնունի