Ընդհանուր 10 մասնագետ ու ահռելի աշխատանք․ վերականգնողական ու հոգեսոցիալական աջակցություն՝ տեղահանված հայրենակիցներին

«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված` հաշմանդամություն ունեցող անձանց։ Կազմակերպության տնօրեն Վարդան Թադևոսյանի խոսքով՝ իրենց փոքր թիմին հաջողվել է իրականացնել մեծ ծավալով աշխատանք։ Այս պահին ամբողջ Հայաստանի տարածքում կատարվում է շուրջ 185 տնային այց։
«Տնային այցելության պատասխանատուները բացի այն, որ շուրջօրյա ռեժիմով օնլայն կապի մեջ են շահառուների հետ, նաև հաճախակի տնային այցեր ենք կազմակերպում, տեղում ցուցաբերում անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև տրամադրում բժշկական ու հիգիենայի անհրաժեշտ պարագաներ»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Թադևոսյանը։
Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը մոտ 3 տասնամյակ գործել է Ստեփանակերտում։ 2023-ի տեղահանությունից հետո կենտրոնի մասնագետներն անցած 11 ամիսների ընթացքում իրենց աշխատանքը շարունակել են ՀՀ-ում։ Ծանր հաշմանդամություն ունեցող պացիենտներին անցած տարվա սեպտեմբերին գումարվել են նորերը՝ հատկապես վառելիքի պահեստի պայթյունից հետո։ Բժիշկներին հաջողվել է փրկել հարյուրավոր քաղաքացիների կյանքեր։ Երևանի ու արտասահմանյան տարբեր բուժհաստատություններում երկարատև բուժումներ անցնելուց հետո՝ այրվածքներ ստացած քաղաքացիների մեծ մասը դուրս է գրվել։ Նրանք այժմ վերականգնման փուլ են անցնում Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ՀԿ-ում։
«Այրվածքներ ստացած 25 քաղաքացու հետ այժմ աշխատում է 4 բուժաշխատող։ Թերապևտներից բացի շատ կարևոր է նաև հոգեբանական ծառայությունը, որը տրամադրվում է ոչ միայն պացիենտներին, այլև նրանց ընտանիքների անդամներին։ Դա մեծապես նպաստում է նրանց դիմակայունությանը և կյանքի որակի բարձրացմանը։ Հոգեբանական խորհրդատվությունը կազմակերպվում է տունայցերի և առցանց խորհրդատվությունների միջոցով»,-հավելեց Թադևոսյանը։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է այրվածքներ ստացած քաղաքացիների վիրահատությունների հերթական փուլը։
Ըստ Վարդան Թադևոսյանի՝ ՀՀ գործընկերների հետ ավելանալու է նաև իրենց աշխատանքի ծավալը։ ՀԿ-ում առայժմ աշխատում է 10 մասնագետ։
Հունան Թադևոսյան