Ինչո՞ւ ուղղաթիռով, Խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից․ Մամուլը՝ սուրճով

Ինչո՞ւ ուղղաթիռով, Խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով մեկնելու մասին։ Խնդիրը, ասում են՝ ոչ այնքան ճանապարհին դժգոհ մարդկանց դիմադրությունից խուսափելն է եղել, որքան շրջանցելը Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որի Ոսկեպար տանող հատվածը, ըստ Փաշինյանի, Ալմա-Աթայի հռչակագրով` ադրբեջանական է։

Այսինքն` իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի խուսափում է օգտվել դրանից:

Այնպես, ինչպես օրեր առաջ Հայաստանում առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները Ոսկեպար մեկնելիս շրջանցել էին ճանապարհի այդ մասը` այն համարելով ադրբեջանական, ինչի մասին իմանալով՝ ոսկեպարցիները նրանց ուղղակի շշպռել ու վռնդել էին իրենց հողից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարեվերջին Ավանեսյանը Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով ՕՖԵՐՏԱՅԻ պայմանագիրը։ Իրականում, այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։

Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։ Մեզ հայտնի դարձավ, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են, ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից՝ սկսել է Armed ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, եւ բուժհաստատությունները չէին կարողանում որեւէ հայտ բացել, որեւէ այց գրանցել, իսկ հետո՝ արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։

Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, եւ կրկին հերթագրում իրականացնել։ Երեկվանից բուժհաստատություններում քաոս է»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի եւս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է 19 մլն 500 հազար դրամ։

Այս գումարի շրջանակներում միջոցառման կազմակերպիչն է «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ն, որը Երեւանի վարչական շրջաններում եւ ՀՀ համայնքներում պետք է քննարկումներ կազմակերպի։ Քննարկումները վարելու են հատուկ բանախոսները, որոնք, ինչպես անցած տարի, ՔՊ-ական պաշտոնյաներն ու կուսակցական գործիչներն են, իշխանամետ արվեստագետներն ու նիկոլական մտավորականները, որոնց ցանկը կազմելու է կառավարությունը։

Միջոցառումներն անցկացվելու են ժամը 11-16։00-ն։ Ինչ վերաբերում է կազմակերպիչ «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը կառավարության գործընկերն է դարձել 2022 թվականին, թեեւ ստեղծվել է 2018-ին: 2 տարում այս ընկերությունից արդեն 6 գնում է կատարվել, գնորդներն են Երեւանի քաղաքապետարանը, ԿԳՄՍՆ-ն, Իջեւանի համայնքապետարանը եւ այլն։ Ընկերության տնօրենը Լեւոն Ամիրզյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի կառավարությանը եւ տարբեր պատրվակներով հրաժարվում են հանդիպել նրանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ Արցախի իշխանությունները պարբերաբար փորձել են կապ հաստատել հայաստանյան իշխանությունների հետ եւ հանդիպումներ նախաձեռնել՝ ի վերջո հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, բռնի տեղահանված քաղաքացիներին, արդյոք Արցախի մասով բանակցություններ վարելու ռեսուրս կա: Սակայն, ՀՀ իշխանությունները ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժել են մի սեղանի շուրջ նստելու ու խոսելու առաջարկները:

Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից են եղել՝ Սամվել Շահրամանյանն իր հերթին է դիմել ՀՀ իշխանություններին, Արցախի ԱԺ նախագահի (նախագահը՝ Բաքվի բանտում է) տեղակալ Գագիկ Բաղունցն իր հերթին է դիմել Ալեն Սիմոնյանին, Արցախի պատգամավորներն էլ եւս փորձեր արել են, սակայն հայաստանյան իշխանությունները, հավանաբար ասելիք չունենալու պատճառով, մերժել են Արցախից տեղահանված իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները:

Թերեւս, սա ՔՊ-ականների դեպքում ինչ-որ չափով հասկանալի է. իսկ ի՞նչ պետք է նրանք ասեն արցախցիներին, եթե ոչ միայն փակ են համարում այլեւս Արցախի թեման, այլ նաեւ Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Հայաստանի համար ու հիմա էլ փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից»: