Պարեկը չի կարող տուգանել քաղաքացուն՝ կողային ապակիների մգեցվածության համար, քանի որ կառավարության որոշում չկա
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։
Ներքին գործերի նախարարությունը վարորդներին կոչ է արել հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
Օրենքը Հայաստանում մշակված չէ, սա միջազգային ստանդարտ է, ընդունվել է դեռևս 10-15 տարի առաջ:
Երբ պարեկը Ձեզ փորձի տուգանել, հարցրեք ՀՀ կառավարության որ որոշումով է տուգանում, քանի որ այդպիսի որոշում գոյություն չունի։
Սիրելի քաղաքացիներ , սա հերթական ծրագիրն է քաղաքացիներին որպես տուգանքի մատերիալ է օգտագործում ՀՀ ոստիկանությունը։
Յուրաքանչյուր կազմված վարչական տուգանք անօրինական է լինելու և Դուք կարող եք այն վիճարկել վարչական դատարանում։
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 123 հոդված
«4. Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
5. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։
ՀՀ կառավարության 2005-ի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշումն էլ ուժը կորցրած է։
ՀՀ ՆԳՆ բանավոր հղում է անում ԵԱՏՄ համաձայնագրի, բայց օրենսգիրքը Կառավարության որոշում է պահանջում։