Հայկական ֆուտբոլն ու 2022 թվականը․ ինչ բացթողումներ ու հաջողություններ գրանցվեցին

Հայկական ֆուտբոլն ու 2022 թվականը․ ինչ բացթողումներ ու հաջողություններ գրանցվեցին

Հաջողություններ, ձախողումներ, բացթողումներ, ինտրիգներ․ հայկական ֆուտբոլը 2022 թվականին այդքան էլ չփայլեց։

MediaHub.am-ը հայկական ֆուտբոլային տարին ամփոփել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանի հետ։

«Տարին երկակի տպավորություններով եմ ամփոփում, քանի որ, ընդհանուր առմամբ, այդքան էլ հաջող տարի չէր, եթե նայենք հավաքականի խաղերին՝ արդյունքներն անբավարար էին։ Դրա պատճառով էլ Կապառոսն այլևս հավաքականի գլխավոր մարզիչ չէ և նրա հետ պայմանագիրը չերկարաձգվեց, պայմանագրի ավարտից հետո նա լքեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ղեկը»,-ասաց նա։

Ֆեդերացիան նոր մարզչի փնտրտուքների մեջ է, սակայն հստակ որոշում այս մասով դեռ չկա. Պաչաջյանը հույս հայտնեց, որ նոր մարզչի անունը շուտով բոլորս կիմանանք։

«Կարծում եմ՝ ֆեդերացիան շատ լուրջ ու երկար աշխատանք պետք է տանի այս ուղղությամբ։ Երկարակյաց ծրագիր են պատրաստում և այնպիսի մասնագետի են ուզում պայմանագիր առաջարկել, որը երկարամյա ծրագրով կգա Հայաստան կամ գուցե հենց Հայաստանից լինի»,-ընդգծեց Պաչաջյանը։

Ամեն դեպքում այս տարի որոշ հաջողություններ գրանցվեցին ակումբային ֆուտբոլում։

««Փյունիկի» հաջողությունը հայկական ակումբային ֆուտբոլի համար աննախադեպ էր, որի համար շնորհավորում եմ ակումբի ղեկավարությանը, գլխավոր մարզչին՝ Եղիշե Մելիքյանին, ով մեծ ավանդ ունեցավ այս հաջողության մեջ։ Իրականում, ակումբային ֆուտբոլը բավականին բարձրացել է, կան բարձրակարգ թիմեր, որոնք բավականին կայուն են նաև ֆինանսապես։ Ամեն տարի ունենում ենք մի ակումբ, որը հավակնում է ամենաքիչը Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խմբային փուլին և հնարավոր է, որ եկող տարի ունենանք թիմ, որը հնարավոր է արդեն Եվրոպա լիգայում կհայտնվի խմբային մրցաշարում»,-ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը։

Լիաննա Թորոսյան