Որն է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման առանցքը

Որն է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման առանցքը

Պետական գերատեսչություններից չեն հստակեցնում՝ պաշտոնական Երեւանը պատրաստվու՞մ է ընդունել ԵՄ նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում Ալիեւի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը։ 

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ բացառապես երկրների ղեկավարներն են հանդիպում։

ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանից MediaHub-ը հետաքրքրվեց՝ առաջիկայում հանդիպում սպասվո՞ւմ է։

«Ես նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չունեմ»,-ասաց նա։ 

Արտաքին գործերի նախարարությունից էլ հստակ պատասխան չեն տալիս՝ Հայաստանն արձագանքե՞լ է Միշելի առաջարկին՝ արտաքին գերատեսչության մակարդակով։ 

«ՀՀ ԱԳ նախարարի այցերի ու հանդիպումների մասին մենք նախապես՝ պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք»,- MediaHub-ին ասաց ԱԳՆ մամուլի պատասխանատու Վահան Հունանյանը։ 

Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հինգ օր անց Արեւմուտքից Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների նոր հանդիպման առաջարկ է արվում։

Քաղաքագիտական շրջանակները պնդում են՝ Արեւմուտքը արագացված տեմպերում ուզում է հասնել «Խաղաղության պայմանագրի» կնքմանը։

Կողմերին հանդիպման առաջարկի մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարեց երեկ երեկոյան, մասնավորապես նշելով․ 

«Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում»։ 

Ի դեպ, երեկ երեկոյան, մինչ այս առաջարկը հնչեցնել, հայկական կողմի նախաձեռնությանբ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Կրեմլից փոխանցում են՝ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ալիևի հետ հանդիպման, օտարերկրյա գործընկերների հետ իր այլ զրույցների մասին։

«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով։ Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս հարցի շուրջ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Քաղաքագիտական շրջանակները, վերլուծելով այս օրերին տեղի ունեցող զարգացումները, շեշտում են՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը Փաշինյանն ու Ալիեւը փորձում են իրականացնել բացառապես Արեւմուտքի միջնորդությամբ՝ Ռուսաստանի թիկունքում, ինչն, ըստ էության, Կրեմլի կողմից կանխվում է։

Լիա Սարգսյան