Իր տերերի պատվերն է կատարում․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը կդիմի՞ ոստիկանություն 

Իր տերերի պատվերն է կատարում․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը կդիմի՞ ոստիկանություն 

Ինքը «ծախու տրյապկա» է, ուզում էր ցույց տալ, թե այնքան դուխ ունի, որ նիկոլական պատգամավորին հայհոյում է, ճանապարհը փակում։ Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը MediaHub-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում այսօր հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացիներից մեկն արգելում է իրեն իջնել տրանսպորտից՝ պատգամավորին անվանելով «հակահայ վիժվածք»։ Դրանից հետո նույն քաղաքացին գոռում է՝ «մի՛ խփիր», և հրապարակված տեսանյութից էլ երևում է, որ Ասլանյանը հրում է տղային։

Ըստ Հակոբ Ասլանյանի՝ տղան իր «տերերի պատվերն էր կատարում», և որ դրա համար էլ նկարում է, թե ինչ է ասում իրեն, ինչպես է դիմում։

«Այդ ամենը փողի համար է անում, ուրիշ ոչինչ։ Եթե ինձ ասելիք ուներ, կարող էր ավտոբուսից իջնել, հետևիցս գալ ու ասել այն, ինչ մտածում է։ Ինչո՞ւ էր նկարում»,- նշեց պատգամավորը։

Հարցին, թե արդյո՞ք քաշքշուկի ժամանակ չի վնասվել, Ասլանյանը պատասխանեց՝ եթե վնասվեր, ինքը պիտի վնասվեր։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը դեպքի առնչությամբ ոստիկանություն չի դիմելու։ «Այդ տղան այդքան չկա, որ ոստիկանություն դիմեմ ու ոստիկաններին իրենց կարևոր գործերից կտրեմ։ Իհարկե, ինքը շատ կուզեր, որ ոստիկանություն դիմեի, ինքն էլ հայտնի դառնար, բայց ես նման քայլ չեմ անի»,- ամփոփեց խոսքը Հակոբ Ասլանյանը։

Հավելենք, որ տարածված տեսանյութի հետ կապված համացանցում քաղաքացիները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ տղան լավ է արել՝ ՔՊ-ականներին հասնում է։ 

Նարե Գնունի