Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի․ Օվերչուկ

Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին։

- Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների հետ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Դա ենթադրում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը գնալու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով։ Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։

Դուք հարցրիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը, այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Կլինի հետո, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից»։

Մենք աշխատում ենք գրեթե երկուսուկես տարի, բայց չենք մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց։ Միևնույն ժամանակ, չպետք է կարծել, որ մեր աշխատանքը հանդիպումից հանդիպում է գնում, իսկ հանդիպումների միջև մենք զբաղված ենք այլ ընթացիկ գործերով։ Իրականում դա այդպես չէ, այս աշխատանքն իրականացվում է գրեթե ամեն օր։ Հազվադեպ է պատահում, որ իրար չզանգենք, չխոսենք, չքննարկենք: Մենք, հավանաբար, հարյուրավոր հեռախոսազանգեր ենք արել, ֆայլերի փոխանակում, ձևակերպումներ: Ես և իմ գործընկերները մշտապես աշխատում ենք այս ուղղությամբ։