Ինչպե՞ս չպայքարել այրոցի դեմ․ բժշկի խորհուրդը

Ինչպե՞ս չպայքարել այրոցի դեմ․ բժշկի խորհուրդը

Այրոցների բուժման ավանդական մեթոդները կարող են սրել վիճակը կամ նոր նոպաներ հրահրել: Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։

Ուտյումովան նախ հորդորել է այրոցը կաթով չբուժել։ Նրա խոսքով՝ այս մթերքն իրականում չեզոքացնում է աղաթթուն, ծածկում է ստամոքսն ու թեթևություն է հաղորդում։ Այնուամենայնիվ, ազդեցությունը կարճատև կլինի, քանի որ այս մթերքը կարող է հրահրել ստամոքսահյութի ձևավորում և այրոց առաջացնել:

«Սոդայի լուծույթը նույնպես կարճատև ազդեցություն կունենա։ Երբ սոդան մտնում է ստամոքս, առաջանում է ածխաթթու գազ, որը ձգում է օրգանն ու կտրուկ մեծացնում ճնշումը դրա մեջ։ Այս ամենը կրկնվող այրոց է առաջացնում»,- ընդգծել է գաստրոէնտերոլոգը։

Մեկ այլ հայտնի ժողովրդական բաղադրատոմս, որից Ուտյումովան խորհուրդ տվել է հեռու մնալ, անանուխի թուրմն է։ Բժիշկը բացատրել է, որ ըմպելիքը թուլացնում է կերակրափողի ստորին սփինտերը, ինչի հետևանքով աղաթթուն ներթափանցում է կերակրափող ու սրում այրոցը:

Ըստ Ուտյումովայի՝ խնդրի արդյունավետ բուժումը կարող է նշանակել թերապևտը կամ գաստրոէնտերոլոգը՝ պարզելով դրա առաջացման պատճառը։ Նա նշել է, որ այրոցը կարող է առաջանալ ռեֆլյուքս հիվանդության, ստամոքսի կամ աղիների խոցերի և ախալազիայի՝ կերակրափողի ընդլայնված և հիաթալ ճողվածքի դեպքում:

Բժիշկը հավելել է, որ այրոց առաջացնող գործոնները ներառում են նաև գիրությունը, հղիությունն ու որոշակի դեղամիջոցների ընդունումը, ինչպիսիք են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ասպիրինը կամ երկաթը: