Զելենսկին ԱՄՆ-ից կվերադառնա 2 մլրդ դոլարի ռազմական օգնությամբ

Զելենսկին ԱՄՆ-ից  կվերադառնա 2 մլրդ դոլարի ռազմական օգնությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Այս մասին հաղորդում է  BBC-ին։ 

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։

«Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթով, որոնց գլխավոր տարրը Patriot համակարգերն են, որոնք կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարություն է հրապարակել՝ ողջունելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն։

Փաստաթղթում նշվել է Ուկրաինային լրացուցիչ 1,85 մլրդ  դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու մասին. օգնության փաթեթով նախատեսված է Ուկրաինային տրամադրել ՀՕՊ Patriot համալիրներ։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կիևին Patriot համակարգերի մատակարարումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից էսկալացիայի, Բայդենը նշել է, որ այդպես չի կարծում, քանի որ Patriot-ը պաշտպանական համակարգ է։

Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։

«Ես մի քանի հարյուր ժամ դեմ առ դեմ անցկացրել եմ մեր եվրոպացի դաշնակիցների և պետությունների ղեկավարների հետ՝ վիճելով, թե ինչու է իրենց լավագույն շահերից բխում շարունակել աջակցել Ուկրաինային։ Նրանք դա լիովին հասկանում են, բայց չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ։ Նրանք չեն ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ, և ես կարծում եմ, որ այս ամենից կարելի է խուսափել, եթե համոզվեք, որ Ուկրաինան կարող է հաջողության հասնել մարտի դաշտում»,- փաստարկել է Բայդենը՝ նկատի ունենալով Կիևին զենք մատակարարելը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ վստահ է Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիայի ամրության վրա։ Ըստ BBC-ի՝ մտավախություններ կան, որ որոշ դաշնակիցներ «իրենց մաշկի վրա» են զգում հակամարտության գինը, և տեսնում են, որ խաթարվել են համաշխարհային պարենի և էներգակիրների մատակարարումները, սակայն ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուկրաինային աջակցության հարցում համերաշխությունը պահպանվում է։ Բայդենը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ի միավորման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։

Զելենսկին նաև կանխատեսել է, որ հաջորդ տարին հակամարտության համար «շրջադարձային կլինի»։ Շնորհակալություն հայտնելով տրամադրված ռազմական օգնության համար՝ Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դա բավարար չէ, և ռուսական բանակին հաղթելու համար ավելի շատ զենք է հարկավոր։

Իր ելույթի ավարտին Զելենսկին Կոնգրեսին նվիրել է Ուկրաինայի դրոշը՝ Բախմուտի պաշտպանների ստորագրություններով. ԱՄՆ մեկնելու նախօրեին Զելենսկին եղել էր Բախմուտում։