Նո՞ր հիշեցին. Հայկ Շամիրյանի կալանավորումն ասկերանցիները Սրբազան պայքարի հետ են կապում

Նո՞ր հիշեցին. Հայկ Շամիրյանի կալանավորումն ասկերանցիները Սրբազան պայքարի հետ են կապում

Երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ իրավապահ մարմինները Երևանում խուզարկել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի բնակարանը, ապա ձերբակալել նրան։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ նրան կալանավորելու միջնորդությունը քննվելու է այսօր՝ «Աջափնյակ-1» նստավայրում։ Քիչ առաջ նա կալանավորվեց, խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։

Ասկերանցիները կատարվածը Սրբազան պայքարի հետ են կապում, քանի որ Հայկ Շամիրյանը մասնակցել է շարժմանը։

«Հայկի վրա այլ գործ չեն կարող կարել, քանի որ հանգիստ, պարկեշտ անձնավորություն է։ Նվիրված էր իր քաղաքին ու բնակիչներին, բլոկադայի ժամանակ ամեն ինչ անում էր, որ գոնե հացը ժամանակին մատակարարվեր, քաղաքի տարհանման ժամանակ փորձում էր մաքսիմալ անվնաս դուրս բերեր բնակիչներին։ Ինքն անձամբ է կամավոր հիմունքներով մասնակցել պատերազմներին։ Բարի, անկեղծ ու նվիրված մարդ գիտեմ։ Թե ո՞րն էր նրա ձերբակալության պատճառը, դժվար է ասել, բայց կարծում եմ՝ Բագրատ Սրբազանի պայքարին մասնակցելը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ասկերանցիներից մեկը։

Մեկ այլ վարկած առաջ բերեց MediaHub-ի մյուս զրուցակիցը։ Նա, մասնավորապես, ասաց, որ, հնարավոր է, պատճառն իր մեքենան է, որը քաղաքապետը սեփականաշնորհել է։

«Այսինքն, ո՞նց հասկանանք, թողնեի՞նք ադրբեջանցիներին։ Ստացվում է, որ Արցախից հրաժարված իշխանությունը ընկել է Արցախից բերված գույքի հետևից։ Եվ հետո, 8 ամիս է արդեն, արցախցիների մեծ մասը բնակվում է Հայաստանում։  Ինչո՞ւ հիմա հիշեցին «սեփականաշնորհված» մեքենան»,- ասաց նա։ 

Ասկերանցիները նաև նշեցին, որ եթե իսկապես պատճառը «Շեւրոլե» մակնիշի մեքենան է, ապա ինչո՞ւ են խուզարկել տունը, որտեղ ապրում է քաղաքապետը։ 

«Հավանաբար մտածել են, որ Հայկ Շամիրյանը կարող է հավաքել ասկերանցիներին, որ նրանք մասնակցեն մայիսի 26-ին կայանալիք մեծ հանրահավաքին։ Բայց նա իր տեսակով ու բնավորությամբ նման կոչեր ու հայտարարություններ չէր անի։ Իսկ մենք մասնակցում ենք հանուն վերադարձի, որ գուցե ճիշտ ղեկավարման արդյունքում տուն գնանք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ Հայկ Շամիրյանին ձերբակալելու փաստին անդրադարձել էր նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է: Հայաստանի իշխանություններն ի՞նչ գործ ունեն, ի՞նչ իրավասություն ունեն արցախցի պաշտոնյաներին Արցախի պետության կողմից վստահված գույքի տնօրինման հարցերի հետ։ Դուք չէի՞ք, որ հրաժարվեցիք Արցախից»,- մեջբերման ավարտ:

Հունան Թադևոսյան