«Տաշիր» առևտրի կենտրոնը դեռ փակ է․ խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել

«Տաշիր» առևտրի կենտրոնը դեռ փակ է․ խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել

«Տաշիր» առևտրի կենտրոնը դեռ փակ է, որովհետև խախտումները դեռ ամբողջությամբ չեն վերացվել․ տեսչական մարմինը դեռ որոշում չի կայացրել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ MediaHub-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ փակվել են «Տաշիր» առեւտրի կենտրոնը եւ «Գնունու» շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» եւ «Եղվարդի համակցված կերերի գործարան» առեւտրի կենտրոնները։ 
Պատճառը՝ հակահրդեհային անվտանգության կոպիտ խախտումներն են, որ տեսչականն արձանագրել է դեռեւս փետրվար ամսին։ 

«Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե քանի խախտում էր արձանագրվել, բայց ամեն դեպքում մեկ տասնյակից ավելի էր։ Վերացնելու ուղղությամբ աշխատում են, դիմում էին ներկայացրել, թե վերացված են խախտումները, սակայն ստուգումները ցույց են տվել, որ խախտումները մասնակի են վերացված։ Վերաբացելու որոշում չի կայացվել, հիմա նորից շտկումներ են արվում, որպեսզի տեսչականը գնա, նորից նայի։ Երբ վերաբացելու կամ փակ պահելու վերաբերյալ որոշում լինի, կհրապարակենք»,-ասաց նա։

Հիշեցնենք նաև, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնում տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել փետրվարի 16-ին։ Արձանագրել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, հարուցվել է վարչական վարույթ։

«Վարույթում առկա նյութերի ուսումնասիրությամբ ամրագրվել է, որ առկա խախտումներն իրենց բնույթով սպառնալիք են հրդեհի առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։ Ըստ այդմ՝ տեսչական մարմնի ղեկավարը մարտի 7-ին այդ առեւտրի կենտրոնները փակելու որոշում է կայացրել»,- MediaHub-ին ավելի վաղ ասել էր Ելենա Զոհրաբյանը։ 

Լիաննա Թորոսյան