Մետրո պիտի կառուցենք, բայց փոս չենք կարողանում լցնել. Ավինյանը նյարդայնացավ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց անցած շաբաթ մայրաքաղաքում փոսալցումների և ասֆալտապատման աշխատանքների մասին: Սակայն Ավինյանը դժգոհ էր ու ակնհայտ նյարդայնացավ.

"Ես արդեն որերորդ շաբաթն է փոսերի մասին եմ խոսում, 3-4-րդ, նիստերից հետո էլ փակ քննարկում ենք անում, բայց այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են",- հայտարարեց նա։ 

Ապա ավելի բորբոքվեց.

«Ինչքան ասեմ՝ փոսեր․ փոսեր-փոսեր, մինչև ո՞ր ամիսն է ձգվելու, վարչական շրջանների ղեկավարներ, երկրորդային փոսալցման աշխատանքներն էլ ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել՝ ի՞նչ չունեք, ֆինանս չունե՞ք, ո՞րն  է խնդիրը»,- հարցադրում հնչեցրեց Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝  3 շաբաթ է նույն բանի մասին է խոսում, սակայն լուծում չկա։

«Աջափնյակի մետրո պետք է կառուցենք, մի ամիս ա փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Մենք մեր ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարում կատարենք։ Հատուկ նիստերից հետո ասում եմ՝ ժողովուրդ, փոսերի անուն չլսեմ, էս վերջին շաբաթն ա»,-շեշտեց նա։

Հ.Գ. Ի դեպ, պարոն Ավինյանին հիշեցնենք, որ անցած շաբաթ MediaHub-ը մատնանշել էր մի փոսի մասին, որը օրվա բոլոր ժամերին վթարային իրավիճակ է ստեղծում: Խոսքը Հրազդանի կիրճ-Նաիրի ԲԿ ճանապարհահատվածին առկա փոսի մասին է, որը մեկ ամիս է չի փոսալցվում: Հուսանք հաջորդ գործակարգավարական նիստին, մեկ շաբաթից, մենք այլևս Երևանի քաղաքապետարանին չենք հիշեցնի այս փոսի գոյության մասին

Մանրամասները՝ տեսանյութում