Մոսկվայի կոշտ արձագանքը Բրյուսելին. նոր մարտահրավեր՝ Հայաստանի համար

Մոսկվայի կոշտ արձագանքը Բրյուսելին. նոր մարտահրավեր՝ Հայաստանի համար

Եվրամիության դեսպանները երեկ համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում․ ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում:

Ենթադրվում էր, որ Բրյուսելում կայացված որոշումն արժանանալու է Մոսկվայի կոշտ հակազդեցությանը:

«Մենք այստեղ տեսնում ենք եվրոպական կողմի հերթական փորձերը՝ ամեն կերպ ներս խցկվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթաց, ամեն գնով դուրս մղել մեր ջանքերը։ Իհարկե, հարաբերություններ կառուցելու որոշումը ինքնիշխան պետություններինն է, ուղղակի ԵՄ-ի իրական հնարավորությունների վերաբերյալ հարցեր կան․․ ութ տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի այսպիսի թեժ փուլի։ Մենք կարծում ենք, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Միջնորդական հարթակների միջև գոյություն ունի ակնհայտ մրցակցություն, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ նրանք պայքարում են ոչ այնքան հայ- ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար, որքան՝ միմյանց դեմ:

Սա խնդրահարույց է, որովհետև միայն մեծացնում է տարածաշրջանային լարվածությունը՝ այն ավելի «թեժ» դարձնելու ռիսկերով:

Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մեր տարածաշրջանում Ռուսաստանի կարողությունները նվազել են:

Մյուս կողմից, տարածաշրջանային այսօրվա ստատուս-քվոն հիմնվում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա ու հազիվ թե, օրինակ՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կարողանա մեծ դերակատարություն ունենալ այն ստատուս- քվոյի հիմքով կարգավորման համար, որի երաշխավորը Ռուսաստանն է:

Եթե Արևմուտքը հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացում հիմնական դերակատարության ակնկաիք ունի, ապա դա հնարավոր է միայն նոր ստատուս-քվոյի, դրան նախորդող պատերազմի ու նոր համաձայնությունների դեպքում:

Վստահաբար հենց դա է ակնարկում Զախարովան ասելով, թե «Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի այսպիսի թեժ փուլի»։

Ու հիմա բացարձակ էական չէ, թե միջնորդներից ով կդառնա «թեժ փուլի» նախաձեռնողը: Փաստն այն է, որ միջնորդների հակադրությունը կարող է բերել այդ «թեժ փուլին», որը նրանցից յուրաքանչյուրի համար կարող է ավելի բարենպաստ կամ ոչ բարենպաստ դիրք ապահովել տարածաշրջանում, բայց հաստատապես անվտանգային նոր ռիսկեր է ծնելու Հայաստանի համար, որովհետև մենք ավելի լավ ստատուս-քվո ունենալու համար, գոնե այս պահին, ռեսուրսներ չունենք:

Վահրամ Բագրատյան