Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է, Հայկ Մարությանի գործերը փորփրում են իրավապահները. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննել են ապօրինի զենքի ձեռք բերման գործի շրջանակներում:
Բալասանյանը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ այնպիսի բաներ է հայտնել, որ, ըստ էության, նախաքննական մարմինը այս գործով անցնող անձանց դեմ որեւէ բան չի գտել: Նկատենք, որ այս քրեական գործը հարուցվել է մոտ 4-5 ամիս առաջ, որով անցնում է նախկին հայտնի պաշտոնյա, ում անունը կհրապարակենք առաջիկայում:
Տեղեկացնենք, որ Վիտալի Բալասանյանի եւ նրա որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն կարճվել է: Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային:
Բալասանյանների պաշտպանը պնդել է, որ, 74 միլիոնի փոխարեն, ավելի քան 300 միլիոնի ծրագիր է իրականացրել Բալասանյանի որդին։ Արցախի տարածքում այդ գումարով նոր մեղվաընտանիքներ են ձեւավորվել, վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն էր համարել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել Լևոն Քոչարյանի գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ից միջին մարմնական վնասվածք ստանալու, ուղեղի ցնցում ստանալու պայմաններում ձերբակալված է, սեպտեմբերի 25-ից՝ կալանավորված, և գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, իսկ դեպքի մասնակից ոստիկաններից որևէ մեկի նույնիսկ լիազորությունները չեն կասեցվել, առավել ևս՝ որևէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ: Փաստաբանների բազմաթիվ բողոքների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստերի արձանագրման պայմաններում, Լևոն Քոչարյանն, ի վերջո, ստացել է տուժողի դատավարական կարգավիճակ՝ խոշտանգման դեպքով:
Ստացվում է՝ միջադեպի մասնակից չորս ոստիկանները գիտակցում են, որ իրենք փաստացի քրեական հետապնդման ենթակա անձինք են և նման պայմաններում են տալիս ցուցմունքներ, այլ կերպ ասած՝ ունեն ուղիղ կաշկանդվածություն և անաչառ լինել չեն կարող: Քննչական կոմիտեն ստեղծված իրավիճակում որոշել է ոչ թե, ի վերջո, քրեական հետապնդում հարուցել չորս ոստիկանների նկատմամբ, այլ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ հանդես գալ: Այստեղ ևս իրավիճակը խճճվել է, քննչական մարմինը փաստացի միջնորդում է երկարաձգել մի կալանք, որի գոյության հարցը լուծելու է վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 19-ին, հետևաբար առանց այդ որոշման հնարավոր չէ լուծել երկարաձգման միջնորդությունը, բայց մյուս կողմից՝ երկարաձգման միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև հոկտեմբերի 17-ը:
Պատահական չէ, որ հենց այս գործով համակարգից և գործից հրաժարվել են մի քանի քննիչներ, ինչի մասին առիթ ունեցել են տեղեկացնել: Մյուս կողմից՝ նույն քննչական մարմինը, որը 48 ժամում կարողացել էր թվով 10-ից ավելի վարույթային գործողություն անել, Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչ օրս 3 կամ 4 գործողություն է կատարել, այն պարագայում, որ տրամաբանությունը պետք է լիներ հակառակը՝ կալանքի պայմաններում քննչական մարմինը պետք է գործի չափազանց արագ և սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում կալանքը վերածվում է զուտ պատժիչ գործողության: Հատկանշական է, որ քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից: Թերթը հետևելու է իրադարձությունների զարգացմանը, որին կանդրադառնանք առաջիկայում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են՝ վերցնե՞լ, թե՞ հրաժարվել ավագանու մանդատներից։ Ուրբաթ օրը որոշել են, որ պետք է վերցնեն, այդ մասին կհայտարարեն այսօր կամ վաղը։ Սակայն ինքը՝ Թեւանյանը, կհրաժարվի ավագանու մանդատից: Նա կարծում է, որ ամոթ է՝ հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց վերցնել ավագանու մանդատը։
Իհարկե, այլ փաթեթավորում կտրվի, թե Թեւանյանը, ըստ էության, իրագործել է ամբողջական իշխանափոխության իր ծրագրի առաջին փուլը` ՔՊ-ն Երեւանում իշխանություն չունի, բայց պետք է շարունակել սկսած գործը՝ ավագանին քաղաքապետարանում կռիվ կտա իշխանության դեմ, ինքը` այլ ճակատում։
Մենք տեղեկացանք նաեւ, թե դաշինքում պնդում են, որ Զարուհի Փոստանջյանն էլ հրաժարվի մանդատից, քանի որ կարծում են, որ նա պրոբլեմներ է ստեղծում ընդդիմադիր դաշտում: Վկան՝ Սերժ Սարգսյանի տիկնոջ հետ կապված վերջին սկանդալը։ Թե ինչ որոշում կընդունվի այս մասով, դեռ պարզ չէ։
Քաղաքապետարանի մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ «Մայր Հայաստան» դաշինքից 2 հոգի՝ Դուստրիկ Մխիթարյանը եւ Ադրինե Ավագյանը, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, երկուսն էլ Վազգեն Մանուկյանի կուսակից-համախոհներն են։ Խմբակցության ղեկավար կդառնա Մանուկ Սուքիասյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով գրել է, որ Հայկ Մարությանի օրոք բազմիցս եղել են չարաշահումներ, որոնց մի մասի մասին նախկին քաղաքապետն իմացել է, մի մասի մասին էլ չի տեղեկացել թերևս այն պատճառով, որ հաճախ չէր ներկայանում աշխատանքի:Մասնավորապես, հայտնի է, որ աղբատար մեքենաների դիմաց քաղաքապետը շինթույլտվություններ բաժանեց տարբեր գործարարների, հետո խոստովանեց այդ մասին, սակայն այդ մեքենաներից շատերն անսարք վիճակում հայտնվել են Երևանի քաղաքապետարանի ավտոպարկում։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները երեկ մի քանի հետաքրքիր տվյալներ փոխանցեցին: Մասնավորպես, 2019-2021 թվականներին Երևան քաղաքի վարչական շրջաններին չի տրամադրվել 50 հազար 501 խորանարդ մետր ասֆալտի տաշվածք, որն արժեցել է շուրջ 288 մլն դրամ։ Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23 հազար 827 քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար էլ ավել է վճարվել 84 մլն դրամ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների՝ հենց Մարությանի օրոք են կատարվել գնումներ, որոնք եղել են այլ բան, սակայն գրանցվել է որպես ասֆալտապատում և այդ նպատակով հատկացվել է 178 մլն դրամ։ Այս գործարքը եղել է ձմռանը և ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել՝ ինչպես է ստացվում, որ ամռանն ամիսներով երկարաձգվում է ասֆալտապատումը, իսկ ձմռանը ասֆալտապատման համար միլիոններ է հատկացվում։Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մարությանից, բայց, ինչպես միշտ, նա անհասանելի է:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։ Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ սկսել։
Ինչ վերաբերում է Շահրամանյանի` սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով լուծարվում են ԼՂ պետական կառույցները, Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ, Շահրամանյանը դեռ չի պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է այն ստորագրել։ Հայտնի է միայն, որ մինչ այդ նա ԱԽ նիստի շրջանակում հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ստորագրելը արցախյան ղեկավարները քննարկել են այն եւ գիտեն, որ այն իրավական ուժ չունի` հակասահմանադրական է, քանի որ Արցախի նախագահը չի կարող, դիցուք, դատական իշխանությունը լուծարել, իսկ հանրապետությունը լուծարել կարող է միայն ժողովուրդը՝ հանրաքվեով։
Իրականում այն պարտադրված է ստորագրվել` Ալիեւի սպառնալիքների ներքո, որ Ադրբեջանի զինուժը չմտնի Ստեփանակերտ, եւ բնակչությանը թույլ տան հեռանալ։ Իսկ Ալիեւի ինչի՞ն է պետք մի որոշում, որն իրավական ուժ չունի: Մեզ ասացին` քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այն, փաստորեն, նաեւ Փաշինյանն ու իր թիմն է օգտագործում քարոզչական նպատակներով` Արցախի հանձնումը գցելով Շահրամանյանի եւ մյուսների «գրպանը»։ Հիմա, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները հավաքվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, Փաշինյանը, վախենալով հնարավոր զարգացումներից, նրանց դեմ նոր զենքեր է գործի դնում։