Նման բան հնարավոր է միայն Նիկոլի Հայաստանում

«Հայաստանում «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տակավին օրերս, երբ Քննչական կոմիտեում նշվում էր մասնագիտական տոնը:
Իհարկե, Հայաստանում այլևս որևէ մեկը լրջություն չի տալիս Փաշինյանի որևէ խոսքի, հայտարարության: Օրինակ, նա կարող է ԱԺ-ում ելույթ ունենալ, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս գան, ինչից հետո լայվ մտնի ու տրամագծորեն հակառակը պնդի:
Բայց այս անգամ Փաշինյանի սուտը «բռնվեց» ժամերի ընթացքում:
«Համայնքի զարգացումն ու անվտանգությունը ինձ համար վեր են անձնական շահից»,- ասել է «Զորավոր համայնք» դաշինքի առաջին համարի թեկնածու Հարություն Մանուչարյանը ու հրաժարվել է համայնքի ավագանու մանդատից ու համայնքապետի պաշտոնից:
Կասեք՝ ի՞նչ կապ ունի Փաշինյանն այս պատմության հետ:
Ուղղակի կապ ունի:
Բանն այն է, որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը բանտից մասնակցել էր սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ու ջախջախիչ հաղթանակ էր տարել Փաշինյանի ՔՊ-ի հանդեպ: Մանուչարյանը փաստորեն համայնքապետ էր վերընտրվել իրավունքի ուժով՝ առանց ավագանու քվեարկության: Սակայն ՔՊ-ն պարտությունն ընդունելու արժանապատվություն չունեցավ ու բանտ ուղարկեց հաղթած Մանուչարյանի նաև մի քանի թիմակիցների:
Մանուչարյանն իշխանության ուղերձը ճիշտ հասկացավ՝ գնալով «ազատություն՝ պաշտոնի դիմաց» գործարքին:
Մենք Մանուչարյանին չենք մեղադրում, ընդամենն արձանագրում ենք, թե հարցերն ինչպես են կարգավորվում Նիկոլի «օրենքի երկրում»:
Վահրամ Բագրատյան