Հեյդար Ալիևի այցից մինչև մերօրյա իրականություն․ ինչեր է տեսել Սարդարապատի՝ 54-ամյա հուշահամալիրը

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կազմավորման 54 ամյակի առթիվ վաղը՝ մայիսի 26-ին, առաջին անգամ կցուցադրվեն Զորավար Անդրանիկի իրերը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեցին թանգարանից։ «Թանգարանի բացման օրը մայիսի 25-ն է, բայց մենք վաղը՝ մայիսի 26-ին ենք միջոցառում նախատեսել։ Բացի այդ, մայիսի 28-ին էլ ԿԳՄՍ նախարարությունը մեզ մոտ միջոցառում ունի, որի մանրամասները դեռ հայտնի չեն»,- նշեցին թանգարանից։
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիրը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած պատմական հաղթանակին։ Այն գտնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։
Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականին։ Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։ Նկատենք նաև, որ նախկինում հայ պաշտոնյաները հենց հուշահամալիրում էին հյուրընկալում Հայաստան եկած օտարազգի պատվիրակներին։ Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվում պահվող նկարներից մեկը փաստացի վկայություն է, որ Խորհրդային Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի առաջնորդները՝ Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շևարդնաձեն և Հեյդար Ալիևը, 1980-ականների սկզբին այցելել են Սարդարապատի հուշահամալիր:
Լուսանկարներն արվել են 1981-ին կամ 1982-ին՝ մինչև 1982-ի նոյեմբերը, երբ Հեյդար Ալիևը ընտրվեց ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, նշանակվեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ և տեղափոխվեց Մոսկվա։ Շևարդնաձեն և Ալիևը գտնվում էին Հայաստանում՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի ռազմական խորհրդի նիստի կապակցությամբ, որի անդամներ էին հանդիսանում ի պաշտոնե (նիստերը հերթով տեղի էին ունենում երեք հանրապետությունների մայրաքաղաքներում)։ Որևէ արձանագրում չկա՝ արդյոք Դեմիրճյանին դժվար էր համոզել իր հյուրերին, հատկապես՝ Հեյդար Ալիևին, այցելել Սարդարապատ։ Ադրբեջանի առաջնորդը հազիվ թե հակասական զգացողություններ չունենար՝ այցելելով այն վայրը, որը Թուրքիայի պարտության խորհրդանիշն է: 2018 թվականից սկսած ՀՀ բարձրագույն ղեկավար կազմը, որպես կանոն, միայն մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա ընթացքում է այցելում հուշահամալիր։