Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ում 50 նոր հաստիք է ուզում ավելացնել

Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ում 50 նոր հաստիք է ուզում ավելացնել

MediaHub-ի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը իր ղեկավարած կառույցում մոտ հինգ տասնյակ հաստիք ավելացնելու առաջարկով դիմելու է Կառավարությանը։ 

Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ ՊՎԾ մասին օրենքի նոր նախագիծ են շրջանառության մեջ դրել, ու լրացուցիչ հաստիքներ ավելացնելու քննարկումների մեջ են։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւմն է ՊՎԾ-ում մարդուժի ավելացման անհրաժեշտությունը, գուցե նախորդ տարվա ընթացքում պետական կառույցներում հայտնաբերված չարաշահումնե՞րն են։ 

«Հանրային գնումների ոլորտում վերահսկողությունն ավելի խորացնելու նպատակով է արվում։ Անհրաժեշտությունը ծագել է նախորդ տարվա գործունեության արդյունքների վերլուծությունից, քանի որ անելիքն իսկապես շատ է, իսկ ՊՎԾ-ի հաստիքային ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Օրենքով մեզ վերապահված են հսկայածավալ վերահսկողական գործառույթներ, սակայն ընդամենը 130 հաստիք ունենք, 5-ն էլ անցյալ տարվա հնթացքում ենք ավելացրել»,-մեկնաբանեց նա։ 

Պետրոսյանը նշեց, որ Ֆինանսների նախարարությանը վերապահված՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունն անցնում է ՊՎԾ-ին։

«Ինչպես նաեւ՝ վարչապետի համապատասխան որոշման մեջ փոփոխություն ենք նախատեսում ՊՎԾ-ի գնումների ոլորտի վերահսկողության վարչությանը լրացուցիչ 10 հաստիքներ ավելացնելու համար՝ հանրային գնումների վերահսկողությունն ավելի խորացնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, ՊՎԾ-ին մոտ հինգ տասնյակ հաստիքի անհրաժեշտություն կա»,- ասաց նա։

Թե հաստիքների ավելացման հետ մեկտեղ որքա՞ն գումար պետբյուջեից կհատկացվի ՊՎԾ-ին, Պետրոսյանն ասաց՝ կարգավորվելու է քաղծառայողների մասին օրենքով։

Լիա Սարգսյան