Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի բանտում չեն սպանել

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ այդ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել Էուլջեքչյանին՝ զրուցել ընտանիքի անդամների հետ, և նա օգտվել է այդ հնարավորությունից։
Նշենք, որ գերու կինը հենց նույն օրը՝ ապրիլի երեքին, «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ վերջին անգամ ամուսնու հետ հունվարին է խոսել, և չգիտի՝ նա ո՞ղջ է, թե՝ ոչ։
Զառա Ամատունին հրաժարվեց մեկնաբանել գերու ընտանիքի անդամի խոսքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 1-ի առավոտյան սոցիալական ցանցում տեղեկություններ տարածվեցին, թե Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։
Վերջինս Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի ետևից։ Բաքվի դատարանը նրան 2021թ հունիսին դատապարտել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Նարե Գնունի