Ամեն օր արթնանում ու տեսնում ենք, որ դեռ Փաշինյանն է կառավարում մեր երկիրը. նա պետք է կալանավորվի

Ամեն օր արթնանում ու տեսնում ենք, որ դեռ Փաշինյանն է կառավարում մեր երկիրը. նա պետք է կալանավորվի

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, մարտի 30-ին կքննի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ցորի զորամասի հրետանավորների իրաավահաջորդների բողոքի քննությունը։ 

Ինչպես MediaHub-ի հետ զրույցում ասաց Ցորի Դ 20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Մանասյանը՝ գործով իրենց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բողոք է ներկայացրել դատարան՝ դատախազության անգործության վերաբերալ։

«Մենք պահանջում էինք  հաղորդումն առանձին քննել ու քրեական գործ հարուցել, ինչը մերժեց դատախազությունը։ Մեր փաստաբանը դատարան բողոք է ներկայացրել՝ դատախազության անգործության դեմ։ Դատական կարգով պահանջելու ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- նշեց Մանասյանը

Պատերազմում զոհված Ցորի զորամասի հրետանավորների իրավահաջորդները, հիմնվելով Նիկոլ Փաշինյանի 2022թ․ ապրիլի 13-ին Ազգային ժողովում արված՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, 5 օր անց հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Դատախազությունն էլ ներկայացված հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Դատախազությունը մերժել էր հաղորդումն առանձին քննության առարկա դարձնելու ծնողների պահանջը, ինչից զոհված հրետանավորների իրավահաջորդները դժգոհ են։ 

«Մեր գործը միացվել էր Արծվի Մինասյանի եւ Մովսես Հակոբյանի գործին։ Մենք ուզում էինք, որ մեր գործն առանձնացվի եւ առանձին քննություն կատարվի»,- ասաց Մանասյանը։ 

Պատերազմից անցել է արդեն 3 տարի, բայց մինչ այս պահը զոհվածների իրավահաջորդների համար գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանը որեւէ պատասխանատվություն չի կրել։ Իրավապահ համակարգի աշխատանքը չի գոհացնում զոհվածների հարազատներին, ակնկալում են, որ վարույթ կսկսվի եւ գործը կառանձնացվի։ 

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում իրավապահ համակարգում, դժգոհության տեղիք է տալիս։ Ամեն օր արթնանում ու իմանում ենք, որ դեռ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։ Ամեն օր աղետալի է մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ձեռքներս չենք ծալել, չենք հանձնվում եւ շարունակում ենք պայքարել հանուն մեր պետության եւ ժողովրդի»,- ասաց Մանասյանը։

Տիկին Անահիտը շեշտում է՝ զոհվածների ծնողներն իրենց հանգիստը կգտնեն այն դեպքում, երբ բոլոր մեղավորները` սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած ամենացածր օղակի սպայից, կպատժվեն։

«Մենք մեր հանգիստը կգտնենք այն ժամանակ, երբ բոլորը պատժվեն։ Մեզ համար կա թիվ մեկ պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյան, բայց որը միակ պատասխանատուն չէ։ Նրա հետ միասին կան նաեւ այլ  պատասխանատուներ՝ հրամանատարական եւ սպայական կազմը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նա լավագույն դեպքում պետք է կալանավորվի։ Գնդակահարություն չկա մեր երկրում, թող ազատազրկվի»
,- ընդգծեց զոհվածի հարազատը։ 

Լիա Սարգսյան