Պիտի լսեմ պարոն Ղազարյանին, նույն ինքավստահությամբ վարչապետ էլ էր ուզում դառնալ․ Վ․ Հակոբյան

Պիտի լսեմ պարոն Ղազարյանին, նույն ինքավստահությամբ վարչապետ էլ էր ուզում դառնալ․ Վ․ Հակոբյան

Պետք է լսեմ Էդգար Ղազարյանին, նա թեկնածու լինելու մեծ փորձ ունի, կարծեմ վարչապետ էլ էր ուզում դառնալ․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ խոսելով ընդդիմության առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի մասին։ 

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ համապատասխան հանձնաժողով են ներկայացրել Ղազարյանի՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու դիմումը։ Այս մասին այսօր հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Պետք է լսենք, հասկանանք, թե ինչի համար է ուզում դառնալ Մարդու իրավունքների պաշտպան։ Նա թեկնածու լինելու մեծ փորձ ունի, եթե չեմ սխալվում՝ վարչապետի թեկնածու էլ է եղել»,֊ նշեց իշխանության ներկայացուցիչը։

Ի պատասխան Էդգար Ղազարյանի, ով ասել է, թե ՔՊ-ն թեկնածու չի առաջադրելու ու միաձայն իրեն է ընտրելու, քանի որ պարտավոր են, Հակոբյանը հակադարձում է․

«Էդգար Ղազարյանը նույն ինքնավստահությամբ վարչապետի թեկնածու է եղել։ Եւ քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդավարություն ունեցող խմբակցություն է եւ մենք ըմբռնումով ենք մոտենում պարոն Ղազարյանի թեկնածու լինելու նկրտումներին»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ Ղազարյանի ընտրության հարցում հիմք են հանդիսացել նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունների դիմումները։

«Կազմակերպությունները առաջարկում էին առաջադրել Էդգար Ղազարյանին։ Նաեւ կարեւորելով ինքնաառաջադրման պատրաստակամությունը, որոշեցինք ընդունել արտախորհրդարանական ընդդիմության առաջարկը»,-ասել էր Մամիջանյանը։

Լիա Սարգսյան