Ուկրաինան ու ՌԴ-ն չեն խնայում խաղաղ բնակչությանը․ ԶԼՄ-ները լուսաբանում են այն, ինչ թելադրում է ղեկավարությունը

Ռուս-ուկրաինական մարտերը նոր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ուկրաինացի նախկին զինվորական, վերլուծաբան Նիկիտա Իվանսեչկոն MediaHub-ին պատմում է, որ վերջին 10 օրերի ընթացքում ո՛չ ուկրաինացիները և ո՛չ էլ ռուսները խաղաղ օրեր չեն ունեցել։
«Երեկ գիշեր թեժ է եղել ռուսական Բելգորոդի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են շրջանի բնակավայրերին, կան բազմաթիվ տուժածներ։ Դրանից հետո ռուսական պատասխանը չի ուշացել։ Հրթիռային դրոններից բացի, նաև հարվածներ են հասցվել Ժիտոմիրի, Խերսոնի ու Չերնիկովի մարզերին, խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին չնայած չի հաղորդվել, բայց ես տվյալներ ունեմ, որ ուկրաինական կողմում էլ վիրավորներ կան։ Բացի այդ ոչնչացվել է մարդկանց ունեցվածքը։ Նրանք, ովքեր չեն լքել երկիրը՝ շարունակում են ապրել վախի մթնոլորտում»,-ասում է զինվորականը։
Իվանսեչկոն, չնայած երկար տարիներ ծառայել է Ուկրաինայի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում, դեմ է արտահայտվում եղբայրական ազգերի թշնամությանն ու տարիներ ձգվող պատերազմին։
«Ինձ հաճախ են ասում թե՝ ռուսամետ ես, բայց ես այս պատերազմին դեմ եմ նրա համար, որ անկախ ամեն ինչից տուժում են անմեղ մարդիկ, նրանք, ովքեր ոչինչ չեն ուզում՝ապրելուց բացի։ Ես հիմա Զապորոժիե քաղաքում եմ, իսկ ընտանիքս անվտանգության նկատառումներից ելնելով 9 ամիս առաջ լքել է երկիրը, քանի որ աղջիկներս անչափահաս են։ Ուկրաինական ու ռուսական կողմերը չեն խնայում խաղաղ բնակչությանը։ Իսկ ԶԼՄ-ները լուսաբանում են այն, ինչ նրանց թելադրում է ղեկավարությունը»։
Իվանսեչկոյի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ լավ հասկանում է իրավիճակը, որը վաղուց դուրս է վերահսկողությունից, սակայն, արդեն ուշ է։
«Մի նախագահ, որ մակերեսորեն է տիրապետում իրավիճակին, ուրեմն այդ երկիրն ապագա չունի։ Մարդն այլևս արժեք չէ, ռուս-ուկրաինական պատերազմը լավ օրինակ։ Թե երբ կավարտվի պատերազմը՝ կանխատեսումների համար դեռ շուտ է»,-ասաց նա։
Նիկիտա Իվանսեչկոն ուշի ուշով հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Մեր նախորդ հարցազրույցում նա նշել է, որ աշխարհը կանգնած է մեծ պատերազմի ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի շեմին։
«Հայաստանն ու Բաքուն խաղաղության չեն հասնի, քանի որ Ալիևը չի ուզում։ Հարավային Կովկասում հիմա կարևոր դերակատարը Ադրբեջանն է, որի հետ հաշվի են նստում բոլորը։
Իմ պատկերացմամբ՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, բայց նաև պատերազմի վտանգ չեմ կանխատեսում։ Բաքուն առանց պատերազմելու գոհ կմնա այն ամենից, ինչը կստանա Հայաստանից, խոսքը կռվախնձոր դարձած տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման մասին է։ Ինչ վերաբերվում է Մերձավոր արևելքին՝ ապա այնտեղ իրավիճակն ավելի կրիզիսային է․ երեկ գիշեր Իսրայելական բանակը 2 ռումբ է արձակել։ Զոհվել է 9 պաղեստինցի, կան անհետ կորածներ։ Պատերազմը շուտով ընդլայնելու աշխարհագրությունը, ընդգրկի ամբողջ տարածաշրջանը»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան