Զանգեզուրի միջանցքը կստեղծվի 2028 թվականին. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Զանգեզուրի միջանցքը կստեղծվի 2028 թվականին. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Նախատեսվում է վերջ դնել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցմանը, որը պետք է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը կապի Ադրբեջանի հիմնական մասի հետ, ու միաժամանակ դառնա շատ կարեւոր տրանսպորտային հանգույց Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը տևելու է հինգ տարի։ Այսինքն՝ կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- պարզաբանել է  նախարարը։

Նրա խոսքով, Հորադիզից Օրդուբադ ընկած հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ կապող գործող ճանապարհի վերակառուցմանը կպահանջվի մոտ 100 կմ երկարություն։ Դրա շարունակությունը կլինի Իգդիր-Կարս երկաթգիծը, որի համար արդեն մրցութային ընթացակարգեր են իրականացվել, այս տարի կսկսենք շինարարությունը»,- նշել է Ուրալօղլուն։

Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանից դրական ազդակներ կան միջանցքի հետ կապված։

«Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։ Նրանք պետք է ձեռնարկեն պլանավորում և մրցույթներ, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի: Այսպիսով, Թուրքիան ուղիղ և հեշտ մուտք կստանա դեպի թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ընդգծել է նա։

Ապա հավելել. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը, սակայն դեմ չենք, որ Իրանը նույնպես իր տարածքով դառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս կապի մաս։ Իրանական կողմի հետ բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են: Հուսով ենք, որ այս նախագիծը կիրականացվի իր ժամանակին»։