Այո, հրաժարականը հավանական է․ Դավիթ Խաժակյանը պատրաստ է ընտրություններին

Այո, հրաժարականը հավանական է․ Դավիթ Խաժակյանը պատրաստ է ընտրություններին

Երեկ հայտնել էինք, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին, հրաժարականի դիմում է ներկայացնելու։ 

Նշենք, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման զարգացման դեպքում երկու տարբերակ է քննարկվում՝ կա՛մ արտահերթ ընտրություններ պիտի անցկացվեն, կա՛մ քաղաքապետի ԺՊ կնշանակվի ու սահմանված ժամանակահատվածում ընտրություններ կանցկացվեն։ 

Արդյո՞ք արդեն իսկ իրենց մասնակցությունն ապագա ընտրություններում չբացառած քաղաքական ուժերը երկու սցենարով էլ հաստատակամ են մասնակցելու հարցում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններ լինեն, թե հերթական, իրենք մասնակցելու են, և քաղաքապետի թեկնածուն, այո, ինքն է լինելու։

«Այո՛, մենք էլ ենք լսել Հրաչյա Սարգսյանի հրաժարականի մասին, շատ հավանական է, որ դա լինի, և եթե արտահերթ ընտրություններ լինեն, մենք, այսպես թե այնպես, մասնակցելու ենք, այդ մասին արդեն հայտարարել ենք»,- նշեց Խաժակյանը։ 

Հարցին, թե արդյո՞ք ԼՀԿ-ն մնացել է նույն դիրքորոշմանը և չի բացառում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը, որի մասին շաբաթներ առաջ հայտնել էր հենց ինքը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց՝ իրենք չեն բացառում, և դա տարբերակներից մեկն է։ 

«Ոչինչ բացառել պետք չէ»,- նշեց նա։ 

Դիտարկմանը, որ այս պահին երկու թեկնածուի մասնակցությունն է հաստատված՝ իր և Տիգրան Ավինյանի, ինչպե՞ս է ինքը գնահատում իր շանսերը, Խաժակյանն արձագանքեց․ 

«Այդ մասին խոսելը վաղ է։ Ինձ ու մեր թիմին գնահատական տվողը քաղաքացին է»։ 

Վերադառնալով Հրաչյա Սարգսյանի հավանական հրաժարականին ու նրա գործունեությանը,  Դավիթ Խաժակյանն ասաց, որ 2022 թվականի կատարողականը շատ լավն է եղել, և դա արդեն գնահատական է Հրաչյա Սարգսյանի գործունեությանը։

Նարե Գնունի