Շիզոֆրենիկը մնում ա շիզոֆրենիկ․ անհետ կորածի մայրը՝ ադրբեջանցուն Բաքվին վերադարձնելու մասին

Շիզոֆրենիկը մնում ա շիզոֆրենիկ․ անհետ կորածի մայրը՝ ադրբեջանցուն Բաքվին վերադարձնելու մասին

Հայաստանը հերթական բարի կամքն է դրսևորում՝ Ադրբեջանին հանձնելով օրեր առաջ իբր թե շփոթմամբ ՀՀ սահմանը հատած ու մեր ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին։ Այս քայլն իշխանությունը մի կողմից որակում է որպես բարի կամքի դրսևորում, մյուս կողմից՝ քաղաքական առևտուր։ Իսկ ահա իրենց զավակների մասին պատերազմից հետո լուր չունեցողներն այն որակում են որպես շիզոֆրենիայի հերթական դրսևորում։ 

44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող Վարդան Ադոյանի մայրը՝ տիկին Անահիտը, որևէ մեկնաբանություն չի գտնում այս քայլի համար։

Նրա որդին Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաներից մեկն է, և ըստ մոր, ադրբեջանական բանտերից մեկում է հիմա։ 

«Ես արդեն չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ի՞նչ առևտրի մասին են խոսում։ Ասում են՝ հետո մերոնց պիտի կարողանան բերել, էդ ե՞րբ պիտի բերեն։ Երեք ու կես տարի մեր երեխեքն էնտեղ են, էդ ադրբեջանցուն, որ հանձնում են, մի քանի օր առաջ բռնեցին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց տիկին Անահիտը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ գերիների ծնողները կներեն իրենց, տիկին Անահիտը կտրուկ արձագանքեց․ «Վայ մեռնի՛ Նիկոլ Փաշինյանն էլ, մնացածն էլ»։

Տիկին Անահիտի դիտարկմամբ՝ երկու ամիս ներեցին, բայց արդեն տարիներ են անցնում, մեկ էլ կտեսնենք, որ քսան տարին անցավ։

«Էս քաղաքական խաղերից բան չեմ հասկանում, բայց սրանք պիտի մաքրվեն։ Ու դրանից հետո բոլոր տղաները վստահաբար հետ են գալու։ Ոչ միայն հաստատված գերիների մասին է խոսքս, այլ նաև չհաստատվածների։ Իսկ էս քաղաքական խաղից վատ հոտ ա գալիս, չեմ կարող որևէ բան ասել։ Չեմ կարող որևէ այլ բան ասեմ»,- նշեց նա։

Վարդան Ադոյանի մայրը վստահ է՝ մի քանի հարյուր տղաներ դեռ Բաքվի բանտերում են, և կեղծ են իշխանության այն խոսքերը, թե 32 տղաների վերադարձից հետո Բաքվի բանտերում էլ հայեր չկան՝ բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։

«Գոնե էս մի ադրբեջանցուն 15-ի հետ փոխեին։ Բայց չէ, շիզոֆրենիկը մնում է շիզոֆրենիկ, սրանք ոնց եկել էին հողերը հանձնելու, տենց էլ հանձնում են»,- ամփոփեց խոսքը Անահիտ Ադոյանը։

Նարե Գնունի