Հայ-թուրքական տնտեսական կապերի ամրապնդումը ծնկի է բերելու մեզ․ հայ արտադրող

Անցած տարեվերջին կառավարության որոշմամբ հանվեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչից հետո փաստացի Հայաստանում ակտիվ տեմպերով մեծացել է թուրքական ապրանքների «ներկայությունը»։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականի միայն առաջին 5 ամիսներին Թուրքիայից ներմուծվել է մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Այսինքն՝ այդքան գումար Հայաստանից հոսել է Թուրքիա: Մասնավորաբար, հունվարին ներմուծվել է 8 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի, մարտին՝ 18,2 միլիոնի, ապրիլին՝ 17,9 միլիոնի և մայիսին՝ 17,4 մլն դոլարի ապրանք։
Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ, 2021 թվականի նույն 5 ամիսներին, այսինքն, էմբարգոյի շրջանում, Թուրքիայից մեր երկիր է ներմուծվել 7,6 մլն դոլարի ապրանք: Այսինքն՝ Թուրքիայից ներմուծման ծավալներն աճել են 10 անգամ։
Այս հանգամանքը խիստ անհանգստացնում է հայ արտադրողին։ «Votnaman shoes» հայկական բրենդի հիմնադիր Աբգար Սարգսյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ դա մեծ հարված է տեղական արտադրողին։
«Հայկական շուկա գոյություն չունի, զուտ կա 2-3 միլիոն մարդ, որի մեծամասնությունն ուղղակի նախընտրում է թուրքական ու չինական ապրանքները, քանի որ դրանք ավելի մատչելի են»,- ասաց նա։
Ըստ Աբգար Սարգսյանի՝ հայկական արտադրանքն էլ կարող էր լինել մատչելի, եթե հայ արտադրողին շանս տրվեր, և շատանային հայկական ապրանքները։
«Շատի դեպքում, միանշանակ, ապրանքն ավելի մատչելի է դառնում, որովհետև ավտոմատացում է կատարվում, այսինքն՝ մեքենաների միջոցով է արտադրվում, և ըստ դրա, ցածրանում է ինքնարժեքը»,- նկատեց մեր զրուցակիցը։
Աբգար Սարգսյանի դիտարկմամբ՝ երբ գործում էր ներմուծման էմբարգո, հայ արտադրողը կարողանում էր շնչել, և եթե ևս հինգ տարի դա գործեր, ապա շատ կազմակերպություններ կամ ներդրողներ ավելի կզարգանային ու ներուժ կունենային՝ դեպի արտերկիր արտահանում իրականացնելու։
«Երբ այդ էմբարգոն հանվեց, շատերի մոտ նույն հարցն էր, թե ինչու է այդպես, եթե սկզբում մի բան էր ասում կառավարությունը, հիմա՝ լրիվ այլ։ Դա բիզնեսի համար սթրես է, և այն, որ ներմուծումն ավելի է շատացել Թուրքիայից, սարսափելի է։ Հայ արտադրողը հիմա ամրապնդվելու հնարավորություն չունի։ Մեր երկրում արտադրել մի ապրանք ու մրցակցության մտնել Թուրքիայի հետ, հնարավոր չէ, քանի որ նրանց մասշտաբներն ուրիշ են, մերն՝ ուրիշ։ Մենք ունենք հումքի պակաս, և դա էլ գնային բարձր քաղաքականության պատճառ է դառնում։ Այսինքն՝ մենք գնի ու որակի առումով չենք կարող Թուրքիայի հետ կոնկուրենտ լինել։ Դա բավականին բարդ գործընթաց է»,- ներկայացրեց հայ արտադրողը։
Նրա խոսքով՝ այժմ պետական աջակցություն է պետք, ներդրումային հոսք ապահովել է պետք։
«Իսկ ո՞ր ներդրողը Հայաստանին լուրջ կվերաբերի, եթե մեր կառավարությունն ասում է՝ այսօր էմբարգո է, վաղը էմբարգո չէ»,- ասաց Աբգար Սարգսյանը։
Նրա պնդմամբ՝ հայ-թուրքական տնտեսական կապերի ամրապնդումն ու թուրքական ապրանքի՝ Հայաստան ազատ հոսքը ծնկի են բերելու հայ արտադրողին։
Նարե Գևորգյան