Երևանի քաղաքապետարանում երևանցիների ընդունելությունը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանում երևանցիների ընդունելությունը վերականգնվել է

Հարգելի քաղաքացիներ, լավ լուր ունենք․ Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի փոխանցմամբ՝ սահմանվել է, որ համապատասխան պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է քաղաքապետարան դիմած անձանց  դիմումների քննարկման  արդյունքներով:

«Բոլոր այն երևանցիները, որոնք ստացել են մերժումներ իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից»,-ասաց փոխքաղաքապետը։

Ավինյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանում ընդունելությունը դադարեցվել էր քովիդի ժամանակներից, սակայն նույն ժամանակ վարչական շրջաններում ընդունելություն միշտ եղել է։