Աջափնյակում վերջապես նկատեցին աղբանոցի վերածված դպրոցի խաղահրապարակը. MediaHub-ի հրապարակման հետքերով

Աջափնյակում վերջապես նկատեցին աղբանոցի վերածված դպրոցի խաղահրապարակը. MediaHub-ի հրապարակման հետքերով

Մարտի 16-ին MediaHub.am-ի նկարահանող խումբն այցելել էր Աջափնյակ վարչական շրջանի թիվ 126 դպրոցի խաղահրապարակ, որը, բառի ամենաուղիղ իմաստով, վերածվել է աղբանոցի։

Մեր ռեպորտաժում ներկայացրել էինք այն հակահիգիենիկ իրավիճակը, որին դպրոցի սաները, իսկ նրանք 182-ն են, ստիպված են ամեն օր ականատես լինել:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Սարգսյանը պարզաբանել էր, թե տարածքում այս վիճակի մեղավորները բնակիչներն են, իսկ դպրոցն ամեն շաբաթ մաքրում է խաղահրապարակը, բայց ոչինչ չի փոխվում, մարդիկ շարունակում են իրականացնել իրենց «սև գործը»։

Եվ ահա մեր հրապարակումից տաս օր անց վարչական շրջանի ղեկավարությունը վերջապես նկատեց այս խնդիրը. Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ օրերս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը և աշխատակազմի բաժինների պատասխանատուները հերթական շրջայցի ընթացքում այցելել էին նաև թիվ 126 դպրոցի տարածք, որը բնակիչների կողմից վերածվել էր աղբանոցի։

«Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականով` վերոնշյալ տարածքում հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են մաքրման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

MediaHub-ը հետևողական է լինելու՝ պարզելու, թե որքանով է վարչական շրջանի ղեկավարությունը հետամուտ իրենց իսկ ղեկավարի հանձնարարականների կատարմանը, որն ուղղակիորեն առնչվում է երեխաների իրավունքներին ու առողջության ապահովմանը: