Ֆրեդը հարբած, գլխիկոր քայլում էր Ստեփանակերտում․ այդ տեսանյութը մեր ամոթն էր ու մեր վիճակը

Ֆրեդը հարբած, գլխիկոր քայլում էր Ստեփանակերտում․ այդ տեսանյութը մեր ամոթն էր ու մեր վիճակը

Այսօր չորեքշաբթի է, Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների տուն զանգելու օրը։ Եթե գերիների դեպքում հարազատների հետ կապ հաստատելու  հստակ ու ֆիքսված օր ու ժամ կա, այլ պատկեր է Ստեփանակերտում մնացած 14 հայերի դեպքում։  

«Կարող ա շաբաթներ լինի և չզանգեն, բայց քանի որ իրենք զգուշացրել են, որ ուշ-ուշ են կապի մեջ լինելու, քանի որ Կարմիր խաչի առաքելությունը Ստեփանակերտից տեղափոխվել է Բարդա քաղաք, շատ չենք անհանգստանում։ Գոնե գիտենք, որ ամիսը մեկ անգամ խոսելու հնարավորություն կա»,-MediaHub-ին ասաց հարազատներից մեկը։ 

Բոլորը կզանգեն, կխոսեն իրենց հարազատների հետ, միմյանց որպիսություն կհարցնեն, իրար հույս կտան։ Միայն մեկ հոգի՝ զանգելու տեղ չունի։

Ստեփանակերտում մնացած հայերից մեկը 65-ամյա Ֆրիդ Հայրապետյանն է։ Չնայած առողջական վիճակին ու իր տեսակին, Ստեփանակերտում նրան բոլորն էին սիրում։ Նա միայնակ տղամարդ է, որ ուղղակի սիրում էր քայլել իր քաղաքի փողոցներով ու որոշեց մնալ այնտեղ, անգամ  Ստեփանակերտը «Խանքենդի» դառնալուց հետո։

«Ֆրիդը հրաշալի ընտանիքի զավակ է, ինքն էլ կոկիկ, մաքուր, հարգված, չնայած, որ ի ծնե ցածրահասակ է։ Լավ դաստիարակություն է ստացել ծնողներից, որևէ բանի կարիք երբեք չի ունեցել։ Երբ կորցրել է հարազատներին, նա իր կյանքը տվել է խմիչքին։ Տանը գրեթե չէր լինում, անընդհատ Ստեփանակերտի փողոցներում էր։ Շատ կուզեի հարևանի իրավունքով խոսել իր հետ, վստահ եմ՝ կճանաչի ինձ։ Վերջին օրերին մի տեսանյութ էին տարածել ադրբեջանցիները, որտեղ Ֆրեդիկը հարբած, գլխիկոր քայլում էր Ստեփանկերտում։ Այդ տեսանյութը մեր ամոթն է, մեր բոլորիս վիճակը»,-ասաց հարևանուհին։ 

Ֆրիդը մյուս հայրենակիցների հետ որոշել է մնալ ծննդավայրում։ Հարևանուհու խոսքով՝ հավանաբար մտածել է, որ գա Հայաստան, տեղ չի ունենա ապրելու։

«Ճանաչելով իրեն ենթադրում եմ, որ վախենում էր, որ կհայտնվի ծերանոցում կամ ինչ-որ խնամքի կենտրոնում, իսկ ինքն ազատություն է սիրում, իր տունը Ստեփանակերտի փողոցներն էին, ուր նրան կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Արցախում շուրջ երկու տասնյակ հայ է մնացել:

Հունան Թադևոսյան