Արկադին հացադուլ է հայտարարել, արդարություն է պահանջում․ փաստաբան

Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած դաժան սպանությունների գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է հայտարարել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արկադիի փաստաբանը՝ Վլադիմիր Մինասյանը՝ նշելով, որ պաշտպանյալի պահանջը արդարությունն ու օրինականությունն է։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում։
«Արկադին պահանջում է գործը բազմակողմ ու օբյեկտիվ քննվի, որպեսզի իրականությունը պարզ դառնա»,- ասաց նա։
Հարցին, թե այս ընթացքում Արկադին ու Վրույրը առերեսվել են, վերջինս պատասխանեց՝ ոչ, 6-7 ամիս է՝ Արկադիի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։
«Կալանքը նախորդ ամիս ևս երկու ամսով երկարաձգվել է։ Ես հաճախ եմ հանդիպում Արկադիին, իր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, չնայած, իրենից ցուցմունք էլ չեն վերցնում։ Վրույրի հետ երբեմն քննչական գործողություններ տեղ են ունենում»,-ներկայացրեց փաստաբանը։
Արկադիի հացադուլն անժամկետ է, փաստաբանն այս մասին նախորդ ուրբաթ է տեղեկացել։
«Նա բազմիցս բողոքներ է հասցեագրել համապատասխան մարմիններին, որ գործի քննությունն ավելի արհեստավարժ կազմով համալրված քննչական ստորաբաժանումներին։ Եթե պրոֆեսիոնալ քննիչներ գործը քննեին, այն արդեն դատարանում կլիներ ու ճշմարտությունն էլ բացահայտված կլիներ»,- շեշտեց փաստաբանը։
Լիաննա Թորոսյան