Համակարգիչներ ու կրիչներ են առգրավել, նման բան երբեւէ չի եղել․ «Զովքի» սեփականատեր

«Հարկային ստուգում է գնում, մենք էլ տեղյակ չենք, թե ինչու։ Հանկարծակի են եկել։ Այսպիսի բան չի եղել, որ մտնեն փակեն»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Գեւորգ Արամյանը։
Նա նշեց, որ սուպերմարկետներից իրավապահները համակարգիչներ ու կրիչներ են առգրավել, առայժմ տեղեկություն չունի, թե ինչու են նման ձեւով մտել խանութներ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մինչ այդ ստուգումներ չի արել, խախտումներ չի արձանագրվել, Արամյանն ասում է՝ ստուգումները սննդի հետ կապ չունեն։
«Ինչ ինֆորմացիա, որ տվել է Քննչական կոմիտեն, այդքանին եմ տիրապետում։ Խանութների մոտավորապես 70 տոկոսը այս պահին արդեն բաց է»,-ասաց նա՝ նշելով, որ աշխատակիցներ բերման չեն ենթարկվել։
Ավելի վաղ գրել էինք, որ օրվա ընթացքում ահազանգեր ենք ստացել առ այն, որ Երևանի տարբեր հասցեներում տեղակայված «Զովք» սուպերմարկետները փակ են, չեն գործում:
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ ցանցի մասնաճյուղերը փակ են:
Պատճառը նախաձեռնված քրեական վարույթն է. « «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ»,- ասել էր Աբրահամյանը:
Լիա Սարգսյան