Դասղեկը անակնկալ էր պատրաստել Դավիթի համար, բայց մայրը նրան դպրոց չբերեց․ ի՞նչ է տեղի ունեցել Գորիսում 

Դասղեկը անակնկալ էր պատրաստել Դավիթի համար, բայց մայրը նրան դպրոց չբերեց․ ի՞նչ է տեղի ունեցել Գորիսում 

«Ես չեմ կարող մեղադրել ո՛չ դասղեկին, ո՛չ ուսուցիչներին, առավել ևս ծնողին։ Բայց այն, ինչ տարածել են լրատվամիջոցները, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, կամ միակողմանի է։ Դավիթը միակ ներառական աշակերտը չէ մեր դպրոցում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք ինտեգրվեն դասարանին։ Թե ո՞րն է եղել ծնողի նման պահվածքի դրդապատճառը, մենք էլ քննարկում-քննարկում ենք, բայց չենք հասկանում»,- MediaHub-ին ասում է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոցի ուսուցիչներից մեկը` մեկնաբանելով Վերջին զանգի օրը Սյուզի Շալունցի գրառումը։

Հիշեցնենք, մայրը ահազանգել էր՝ որդուն՝ Դավիթին, աուտիկ լինելու պատճառով բեմ չեն թողել, Վերջին զանգի արարողությանը նա չի մասնակցել։ 

«Դասղեկը նախապես տեղեկացրել էր մորը, որ անակնկալ տեսանյութ են պատրաստել Դավիթի համար և սպասում էին, որ Դավիթը  կմիանա իրենց։ Ծնողի որոշումն էր՝ Դավիթը չեկավ, ավելի ճիշտ մայրը նրան չբերեց դպրոց։ Վերջին դասը իններորդցիներն անցկացրին առանց Դավիթի»,-նշեց ուսուցչուհին։ 

Նրա կարծիքով՝ Սյուզի Շալունցի գրառումը, որն արագ տարածվել է հայկական մեդիահարթակում, միայն քաղաքական նպատակներ է հետապնդում։ Դավիթը, ինչպեսև մյուս աուտիկ երեխաները հասարակության լիիրավ անդամ են դպրոցում։

«Գիտեք, այնքան հեշտ է մեղադրել, մեղքը փաթաթել ուսուցչի վրա, ֆեյսբուքյան մի գրառումով ներկայացնել խեղաթյուրված պատմություններ, բայց իրականությունն այլ է։ Ուսուցչին հարգել է պետք, ոչ թե սևացնել նրա անցած ուղին ու վաստակը»,- հավելեց նա։ 

MediaHub-ին չհաջողվեց կապ հաստատել Դավիթի մոր հետ։ Սյուզի Շալունցը, որ  ահազանգել էր Վերջին զանգի արարողության ժամանակ իր որդու բացակայությունից, հերթական գրառումն է արել:

«Վերջին օրերին սոցիալական հարթակներում շրջանառվում է մի տեքստ, որը վերաբերում է իմ կողմից արված գրառմանը`կապված որդուս` Դավիթի պատմությանը։
Ես չեմ փնտրել հակամարտություն, չեմ թիրախավորել դպրոցը։ Պարզապես կիսվել եմ իմ զգացմունքներով, ապրումներով` որպես մայր, ում որդին չկար միջոցառմանը։ Բայց երբ այդ ամենը վերածվում է մեղադրանքի , հարցականի տակ է դրվում ծնողական հոգատարությունը, և ոտնահարվում է ծնողական պատիվը, ես լռել չեմ կարող։
Ես միշտ կանգնած եմ եղել երեխայիս կողքին` իմ ներկայությամբ, իմ պայքարով, իմ հոգատարությամբ։ ԵՎ այսօր նույն դպրոցը ոչ միայն փորձում է վարկաբեկել ծնողի անձնային որակները, այլ նաև հրապարակում է երեխայիս նկարները և իր մասնակցությամբ տեսանյութեր` առանց ծնողների թույլտվության, խախտելով անձնական տվյալների պաշտպանության բոլոր սահմանները։
Սա արդեն իրավունքի բացահայտ ոտնահարում է։
Երեխան չի մասնակցել միջոցառմանը, քանի որ երբեք չի ընդգրկվել սցենարում կամ նախապատրաստական գործընթացում։ Դպրոցը ոչ մի պայման չի ապահովել, ո'չ ֆիզիկական մատչելիություն, ո'չ ծրագրային հարմարեցում, ո'չ աջակցություն մասնակցությանը։
ԵՎ հենց այդ նույն դպրոցը, որը տարիներ շարունակ անտեսել էր երեխայի ներկայությունը և իրավունքները, վերջին պահին փորձել է մեղքը բարդել ծնողի վրա։
Վերջ տվեք խտրականությանը և պատասխանատվությունից խուսափելու փորձերին։
Սա անհատական վեճ չէ։ Սա համակարգային լռեցման օրինակ է, երբ խոցելի խմբերի ձայնը փորձ է արվում խեղդել հեղինակային փոշու շերտի տակ»,- մեջբերման ավարտ։

Նշենք նաև, որ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ նախարարությունը կարևորում է բոլոր երեխաների` մասնավորապես կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների մասնակցությունը դպրոցական միջոցառումներին: Ինչպես նաև տեղեկացրել, որ այս դեպքը նախարարության ուշադրության ներքո է , և հաջորդ շաբաթ նախարարը նախատեսում է հանդիպում ունենալ Դավիթի և իր ծնողի հետ:

Հունան Թադևոսյան