Պերուի նախագահին կասկածում են հանցախումբ ստեղծելու մեջ

Պերուի գլխավոր դատախազությունը ընդլայնել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ նախաքննությունը, այս անգամ պետության ղեկավարը կասկածվում է հանցավոր խումբ կազմակերպելու մեջ։
Նախագահի նկատմամբ նախորդ հետաքննությունները կենտրոնացած էին համալսարանում մագիստրոսի կոչում ստանալու ժամանակ ենթադրյալ կոռուպցիայի և ենթադրյալ գրագողության վրա:
«Ազգային դատախազ Պաբլո Սանչեսը կարգադրել է ընդլայնել նախաքննությունը նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ՝ հանցավոր խմբի կազմակերպման հետ կապված հանցագործություններ կատարելու կասկածանքով, – ասվում է գործակալության հայտարարության մեջ: Comercio թերթը գրում է, որ Կաստիլյոնյի գործը, որպես մեղադրյալ, միացվել է տրանսպորտի նախկին նախարար Խուան Սիլվայի և «Ժողովրդական գործողություն» կուսակցության վեց պատգամավորների գործի հետաքննությանը:
Դատախազության տվյալներով՝ Կաստիլյոյի գլխավորած հանցավոր կազմակերպությունը գործել է տրանսպորտի նախարարության ընդերքում և բաղկացած է եղել երկու խմբերից՝ կոնկրետ առաջադրանքներով։ Դրանցից առաջինը աշխատում էր պետական շահավետ պայմանագրեր ակնկալող գործարարների հետ բանակցություններում։ Այդ խմբում էին նախագահ Կաստիլյոյի երկու զարմիկները և նրա քարտուղարության նախկին ղեկավար Բրունո Պաչեկոն։
Դատախազությունը նաև հայտարարել է, որ հարգում է ազգային սահմանադրության 117-րդ հոդվածը, ըստ որի՝ Պերուի նախագահին կարող են մեղադրանք առաջադրել միայն պետական դավաճանության, ընտրությունների բնականոն գործընթացը խոչընդոտելու կամ սահմանադրական շրջանակներից դուրս Կոնգրեսը ցրելու համար։
Ըստ Comercio-ի՝ նախկին գլխավոր դատախազ Սորաիդա Ավալոսը երկու հետաքննություն է սկսել Կաստիլյոյի դեմ, որոնք կասեցվել են մինչև նրա լիազորությունների ավարտը՝ 2026 թվականի հուլիսին։ Դրանցից մեկը վերաբերում էր Petro-Peru և Provías Nacional ընկերություններում ենթադրյալ խախտումներին, իսկ մյուսը՝ զինված ուժերում և ոստիկանությունում պաշտոնների և կոչումների յուրացմանը։